Մոսկվան А321-ի կործանման վարկածներից չի բացառում Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունը». «Կոմերսանտ»


17:06 , 10 նոյեմբեր, 2015

1710242Ռուսական իշխանությունները չեն բացառում, որ Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի կործանումը եգիպտական հատուկ ծառայությունների «դավաճանության» հետևանք է: Այս մասին «Կոմերսանտ» թերթին ասել են աղբյուրները պետական կառույցներում:

Պարբերականը նշում է, որ առայժմ ռուսական կողմը պաշտոնական հիմքեր չի հայտնաբերել ինքնաթիռի կործանման ՌԴ ՔՕ 205 հոդվածով (ահաբեկչական ակտ) քրեական գործը վերաորակավորելու համար:

Ինքնաթիռում պայթուցիկի առկայության հետքերի առկայությունը պարզելու համար ուսումնասիրության արդյունքները պատարաստ կլինեն 1 շաբաթից ոչ շուտ, նշում է թերթը:

Սակայն ռուսական պետական կառույցներում բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ ինքնաթիռի աղետը «եգիպտական հատուկ ծառայությունների ներսում դավաճանության հետևանք» է:

«Ինչ էլ եղած լինի՝ դա նրանց մեծ տապալումն է»,- ասել է թերթի զրուցակիցը:

Մասնավորապես, աղբյուրի տեղեկությամբ՝ հետաքննիչները ստուգում են տեղեկությունը, որ թռիչքից առաջ Airbus A321-ին անհայտ պատճառներով մոտ են թողնվել կողմնակի անձինք:

Շարմ էլ-Շեյխ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներն ավելի վաղ նշել են, որ խնդիրներից մեկը չվերթին սնունդ և վառելիք մատակարարող տրանսպորտի թույլ ստուգումն է: Հաճախ անվտանգության ծառայությունն այդպիսի տրանսպորտին թույլ է տալիս անցնել առանց ստուգման՝ միայն որովհետև անձամբ ճանաչում է վարորդներին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ինքնաթիռի աղետի պատասխանատվությունը ստանձնել էր Սինայի թերակղզում ԴԱԻՇ-ի ստորաբաժանումը:

Որպես աղետի պատճառի գլխավոր վարկած՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզությունները, եգիպտացի պաշտոնյաները նշում են ռումբի պայթյունը: