Ընդդիմությունն իրեն չի կարողանում մոբիլիզացնել, խոսում է ժողովրդին մոբիլիզացնելուց. Վահրամ Բաղդասարյան


16:33 , 10 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ընդդիմությունն իրեն չի կարողանում մոբիլիզացնել, խոսում է ժողովրդին մոբիլիզացնելուց: Այս մասին ԱԺ-ում նույնականացման քարտերի վերաբերյալ թեժ քննարկումն էլ ավելի թեժացրեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ընդդիմությանը մեղադրանքների մի փունջ ներկայացնելով:

«Դուք ժողովրդի մոբլիզացիայից եք խոսում, դուք չեք կարողանում ձեզ մոբիլիզացնել, ընդդիմադիրներից մեկն ասում է՝ պետք է բոյկոտենք, չմասնակցենք, իր կողքի կուսակիցը անմիջապես, ասում է՝ ոչ, պետք է գնանք «ոչ» ասենք… Մի հատ ընդհանուր հայտարարի եկեք, որ դրա պատասխանը տանք: Ֆրակցիան քայքայեցիք, պարոն Շարմազանովը նշեց, գյոզալ կուսակցությունը` «Ժառանգությունը», բոլորին գցեցիք դռնեդուռ, Րաֆֆին չգիտի՝ ինչ է անում, առաջարկում ենք՝ արի, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարի, հրաժարվում է, ընտրում ենք դեպուտատ, գալիս, հրաժարվում է»,-հայտարարեց նա։

Ավելին՝ Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ մեջբերեց Վիլյամ Սարոյանին՝ բնութագրելու համար Րաֆֆի Հովհաննիսյանին. «Վարպետին հարցնում են, ասում են՝ տեսնո՞ւմ ես՝ 75 տարեկան Սաղաթել բիձեն ծխելը թարգել է: Ասում է՝ Սաղաթելը անկամքի մեկն է, ոչ մի գործ մինչև վերջ չի հասցրել»:

Դիմելով «Օրինաց երկիր» խմբակցությանը՝ Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց «մի քիչ տեղ թողնել», որ երկու տարի հետո իրենց ելույթների համար չամաչեն ու հիշեցրեց նաև, որ ոչ վաղ անցյալում միասին՝ կոալիցիայում էին:

Վահրամ Բաղդասարյանը, ընդհանրական դիմելով խմբակցություններին, հիշեցրեց, որ համամասնական 100 տոկոս ընտրակարգը իրենց «վաղեմի երազանքն է», բայց դրա անունը դրել են՝ «ոչ, վերարտադրություն»:

Իսկ ընդդիմության «հայ ազգային կոնգրեսական» թևին ՀՀԿ խմբակցության ղեկավարը, որը քաղաքականության մեջ է 90-ականների սկզբից, պատմեց, թե ընտրակեղծիքների ինչ հզոր մեքենա է գործել այն ժամանակ, երբ օրվա իշխանությունը ՀՀՇ-ն էր:

Սա Վահրամ Բաղդասարյանի պատասխան պատմական էքսկուրսն էր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկման, որ եթե «ՀՀՇ-ի ժամանակ ընտրություններին նման այլանդակություններ էին տեղի ունենում, ուրեմն ինչպես էին մի շարք ոչ իշխանական թեկնածուներ հաղթում»:

Ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանը պատմեց, թե ինչպես 1991 և 1995 թ ընտրություններին ամեն անգամ իրեն մի քանի ձայն չի հերիքել առաջին փուլով ընտրվելու համար, ինչպես են իրեն հրավիրել «տարբեր ահասարսուռ անուններ» ունեցող անձանց կաբինետներ` պահանջելով, որ հրաժարվի ընտրապայքարից, ինչպես են կալանավորել ընկերներին ու ընտանիքի անդամներին, ինչպես են նրանցից շատերն արտագաղթել:

Ելույթի պատմական էքսկուրսի մասի ավարտից հետո Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց ընդդիմությանը. «Հաղթե՛ք, դարձե՛ք մեծամասնություն, նշանակե՛ք ձեր վարչապետին, ԱԺ-ում ընտրեք ձեր նախագահին և ամբողջ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը»: