Եթե Հերմինե Նաղդալյանը խոսեր բրիտանական փայլուն անգլերենով, Ադրբեջանը հե՞տ էր վերցնելու զեկույցը, Ղարաբաղն էլ նվիրե՞ր. Ն.Կարապետյան


14:12 , 10 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ  Նաիրա Կարապետյանն այն կարծիքին չէ, որ Ուոլթերի հայտնի զեկույցին հավանություն տալը պատվիրակության ղեկավարի, պատվիրակության որևէ անդամի կամ ՀՀ արտգործնախարարության  մեղքն էր, կամ ձախողումը:

«Թե՛  պատվիրակությունը, թե՛ Արտգործնախարարությունն աշխատել են 24 ժամ ռեժիմով, անգամ ոչ աշխատանքային ժամերի ու օրերի, բայց գիտեք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել և տեսանելի է այսբերգի միայն վերին մասը: Եվ նման բան  պնդողներին կարող եմ ընդամենը մեկ հարց տալ`եթե տիկին Նաղդալյանը խոսեր փայլուն բրիտանական անգլերենով, կամ փարիզյան ֆրանսերենով, արդյո՞ք Ադրբեջանի լոբբիստները ամոթից վերադարձնելու էին գումարները և ասեին` եկեք Ղարաբաղն էլ հետը նվիրենք  Հայաստանին: Իհարկե՝ ոչ», -մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Կարապետյանը:

Հարցին, թե մինչև զեկույցի քվեարկությունը դեռ երկու ամիս կա, արդյոք ԵԽԽՎ պատվիրակների մոտ կլինի սթափության  պահ` հաշվի առնելով  թե՛  ՌԴ արտգործնախարարի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունները, ըստ որոնց դա վնասում է բանակցային գործընթացին, ՀՀԿ խմբակցության պատգամավորը նկատեց. «Լիահույս եմ, և ես կարծում եմ, որ մենք  ունենք դեռ երկու ամիս ժամանակ  և այդ ժամկետում գրագետ աշխատելու դեպքում ինչ-որ  հաջողություններ կկարողանանք գրանցել, բայց նաև ունեմ մտավախություն, որ այս երկու ամիսը ադրբեջանական կողմը չի նստելու սպասի, թե երբ է գալու իրենց  սիրելի քվեարկության օրը: Իհարկե, քայլեր կձեռնարկեն` նավթի հերթական պաշարը հանելով դեպի Եվրոպա»:

Ինչ վերաբերում է Լավրովի ու Ուորլիքի հայտարարություններին, ապա դրանք, ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի,  կարող են  դրական ազդեցություն ունենալ. «Սա ապացուցեց այն, որ մեր պատվիրակությունը Եվրոպայի խորհրդին չի ստել`իր մտահոգությունները հայտնելով հանձնաժողովի նիստի ժամանակ, որ անհնար է, որպեսզի ՄԽ-ն Ուոլթերի հետ գնա նման բաց համագործակցության, ինչպես նա հայտարարել էր մի քանի անգամ: Որ դեռ անցյալ տարվա նոյեմբեր ամսից նա հանդիպել է  Կասպրշիկի հետ, պայմանավորվածություններ է ձեռք բերել, ունի փաստաթղթեր և այլն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից  Ուոլթերի  լիազորությունների ժամկետն ավարտվում է: Ի պատասխան հարցի, թե ինչ է լինելու զեկույցի ճակատագիրը, Նաիրա Կարապետյանը տեղեկացրեց, որ «եթե լրացած է լինում զեկուցողի ժամկետը»,  այն պետք է  ներկայացվի այլ զեկուցողի կողմից:  Իսկ այդ այլ զեկուցողն է արդեն ունենալու միայն զեկույցը ներկայացնելու լիազորություն, բայց ոչ փոփոխություններ՝ ներառյալ վերնագրի:

«Այո, զեկուցողը իրավունք ունի տեղում՝ քննարկման ժամանակ, կամ համաձայնել, կամ ոչ, բայց արդեն նրա խոսքը ևս դրվում է քվեարկության: Եթե ես, օրինակ, մտցնում եմ առաջարկ` փոխելու վերնագիրը, հանձնաժողովն ու զեկուցողը հայտնում են իրենց կարծիքը: Բայց որոշումն ընդունվում է արդեն ընդհանուր բոլոր պատվիրակների քվեարկությամբ»,- ասաց Նաիրա Կարապետյանը: 

Այս պահին, ըստ նրա, հայտնի չէ, թե ով է լինելու  Ուոլթերի փոխարինողը:

Ի պատասխան հարցի էլ, թե եթե  փոխարինողը լինի ոչ պրոադրբեջանական պատգամավոր, դա կարող է աշխատել մեր օգտին, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամն ասաց. «Փոխարինողը եթե անգամ լինեմ ես, ամեն ինչ որոշվելու է քվեարկությամբ: Այսինքն` եթե ես անձամբ գնամ կանգնեմ, բայց ադրբեջանական լոբբին կարողանա ապահովել անհրաժեշտ ձայները քվեարկության համար, որևէ բան հնարավոր չի լինելու փոխել: Հիմա մեր աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որպեսզի մեր համակիր պատվիրակները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր դեռ ադեկվատ են մնացել, լսեն մեր ձայնը, կարդան մեր փաստերը և քվեարկեն»:

Իսկ  ամենակարևորը, ըստ Նաիրա Կարապետյանի, ներկա գտնվեն քվեարկության ժամանակ, որովհետև  պատվիրակության անդամները մշտապես բախվում են այն խնդրին, որ երբ զեկույցի քննարկումը կամ այս քվեարկությունը դրվում է հինգշաբթի կամ ուրբաթ, պատվիրակների մեծ մասը մեկնում է:  Իսկ  մնում են այն մարդիկ, որոնք վճարված են մնալու համար: