13:54 , 10 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Մենք իրավունք չունենք նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից: ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նույնականացման քարտերի մասին նախագծում փոփոխություններ կատարելու քննարկմանը:
Ըստ Զոհրաբյանի՝ հանրության մեջ կա անվստահության մթնոլորտ՝ ընտրությունների անցկացման հետ կապված և նույնականացման քարտերով քվեարկողների վստահության գործակիցը պիտի ավելանա: Զոհրաբյանը նշեց, թե ընտրված տարբերակը, այն է՝ ընտրական ցուցակներում նշում անել նույնականացման քարտով քվեարկողների անվան առաջ, կքննարկվի իրենց կողմից:
«Ամեն անգամ, երբ անդրադառնում ենք Ընտրական համակարգի վերաբերող որևէ օրենսդրական փոփոխության, կանգնում ենք նույն դիլեմայի առաջ: Եթե այստեղ ներկա լիներ միջազգային ներկայացուցիչ, ապա մեր քննարկումը նրա համար կլիներ զարմանալի: Որովհետև կա մեկ կարևոր հանգամանք՝ ընտրությունները պետք է անցնեն ազատ ու անկախ: Եթե մարդը ունի նույնականացման քարտ, պետք է քվեարկի, չպետք է նրանց դիտարկել որպես պոտենցիալ հանցագործ, որոնց կօգտագործեն ընտրակեղծարարության համար: Պարզապես ընտրակեղծարարության ինստիտուտն այնքան է կատարելագործվել, հասցվել է ոսկերչական մակարդակի, որ վստահություն չկա: Խնդիրն այն է, որ 25 տարի շարունակ անկախությունից ի վեր, մենք բախվել ենք ընտրակեղծարարության նույն ավանդույթի առաջ»,- շեշտեց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ կեղծիքները բացառելու համար քաղաքական կամք է պետք: Հակառակ դեպքում, Զոհրաբյանի խոսքով, եթե չկա քաղաքական կամք, «ուզում ես ականջին օղակ անցկացրու՝ ես արդեն քվեարկել եմ վերտառությամբ, շրջանցելու մեխանիզմը գտնվելու է»:
ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե միգուցե հիմա ընտրատուփերը չեն գողանում, չեն առևանգում ԵԽԽՎ միջազգային դիտորդի, բայց շարունակում են գտնել տարբերակներ: