12:04 , 10 նոյեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ նշեց, որ այսօր նշվում է տեղական ինքնակառավարման մարմինների օրը , նա շնորհավորեց այդ օրվա կապակցությամբ, բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին ցանկանալով հաջողություններ ի շահ համանքների և ի շահ միասնական պետության: Նա նշեց, որ այսօր նաև երիտասարդության համաշխարհային օրն է և ողջունեց հայ երիտասարդությանը:
Քննարկվում էր «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նախատեսում է նպաստներ սահմանել չաշխատող մայրերի համար: «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ այս օրենքի փոփոխությունը ընդամենը տեխնիկական բնույթ ունի, քանի որ նպատակ ունի ցուցակները շտկել մաքրել: Մինչդեռ, պատգամավորը վստահ է, որ պետք է առանձնացնել, թե ինչ խնդիր է լուծվում օրենքի այս փոփոխությամբ, թե ինչպես այն կանդրադառնա դեմոգրաֆիական խնդիրների վրա և այլն: պատգամավորն առաջարկեց կառավարությանը մինչև օրենքի փոփոխության երկրորդ ընթերցումը, ուսումնասիրել միջազգային փորձը, որը կհուշի ճիշտ քայլեր ձեռնարկել:Նա կոչ արեց նաև օրենքի փոփոխության ընդունման դեպքում որոշ ժամանակ անց մոնիթորինգ անցնկացնել, որպեսզի պարզ դառնա, թե այս փոփոխությունը ինչպես է ազդում ծնելիության վրա:
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այյդ օրենքի փոփոխությանը: Նա դեմ էր անհավասարության նշան դնել աշխատող և չաշխատող մայրերի նպաստների միջև, քանի որ կարծում էր, որ չաշխատող մայրերը, շատ դեպքերում իրենց կամքով չէ, որ չեն աշխատում, պարզապես նրանք աշխատանք չեն կարողանում գտնել: Պատգամավորը մատնանշեց գործազրկությունը, աղքատության մակարդակը Հայաստանում:
«Այնպես չէ, որ Հայաստանում կանայք լոդր են, չեն ցանկանում աշխատել, և դրանով խախտվում է արդարության կամ իրավահավասարության սկզբունքը աշխատող ու չաշխատող մայրերի միջև: Աշխատող ու չաշխատող մայրերի միջև պետք է լինի բացարձակ հավասար պայման` նպաստ ստանալու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: