21:39 , 9 նոյեմբեր, 2015
Armenpress.am-ը գրում է.
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատում է այն տեղեկությունը, որ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Մենք արդեն 2 կողմից հաստատում ունենք, որ Հայաստանի քաղաքացին հատել է միջազգային սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ստանալով երկողմանի հաստատումը` ԿԽՄԿ-ն, համաձայն իր գործելաոճի, աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն քաղաքացու հետ»,- հավելել է Ամատունին, նշելով, որ տեսակցության հարցը կշարունակի քննարկվել պատասխանատու իշխանությունների հետ:
Ադրբեջանական haqqin.az կայքը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում: Տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվում: