Մեր կարգախոսը շատ պարզ է՝ «Ուզո՞ւմ ես փոփոխություններ, քվեարկի՛ր «այո». Նաիրա Զոհրաբյան


19:00 , 9 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադառնում է սահմանադրական փոփոխություններին իրենց «այո» քարոզարշավից ստացած տպավորություններին, ՀՀ քաղաքացիների տրամադրություններին:

-Տիկի՛ն Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավականին ակտիվ սկսել է իր քարոզարշավը, մարզային այցերը: Դուք գնացիք կոորդինացիոն շտաբ ձևավորելու ճանապարհով, ինչո՞ւ: Եթե գնահատենք մարզային այցերի մեկշաբաթյա փուլը, ի՞նչ տպավորություններ կարող եք փոխանցել:

-Այո՛, մենք ձևավորեցինք համակարգող շտաբ, որտեղ մեզանից յուրաքանչյուրն ունի իր հստակ պարտականությունը՝ Վահան Բաբայանը զբաղվում է քարոզչությամբ, Աբրահամ Մանուկյանը և Վարդան Վարդանյանը՝ տարածքային կազմակերպություններով, Միքայել Մելքումյանը քարոզարշավի գաղափարական գործերն է համակարգում: Կարծում եմ, որ սա շատ արդյունավետ տարբերակ է, որտեղ յուրաքանչյուրը հստակ կատարում է իր աշխատանքը: Մենք արդեն մոտ երկու շաբաթ է սկսել ենք մեր մարզային հանդիպումները, եղել ենք Սյունիքի. Արարատի մարզերում, նախօրեին Գեղարքունիքի մարզում էինք: Նաև Երևանի տարբեր համայնքներում ունեցել ենք հանդիպումներ: Անկեղծ ասած՝ այնպես չէ, որ հանրությունը խիստ իրազեկ է սահմանադրական փոփոխություններին, և դա բնական է: Վստահ եմ, որ մեր խորհրդարանի 131 պատգամավորներից առնվազն 80-ը սահմանադրական փոփոխությունների նախագիծը չեն կարդացել և ակնկալել, որ քաղաքացին, որը բազում կենսական հոգսեր ունի՝ աշխատատեղի, տրիվիալ՝ հացի խնդիր ունեն մարդիկ, պետք է այդ հոգսերը թողնեն և նստեն Սահմանադրություն սերտեն, հասկանալի է, որ դա լուրջ չէ: Իհարկե՛, մենք փորձում ենք շատ պարզ, մատչելի ներկայացնել, որ սահմանադրական առկա կիսալուծումները շատ դեպքերում ուղղակի թույլ չեն տալիս իրավական, խաղաղ ճանապարհով իրականացնել լրջագույն համակարգային փոփոխություններ:

Երբ շատ պարզ բացատրում ես, որ սահմանադրական առկա կիսալուծումները հնարավորություն չեն տալիս ընդդիմությանն իրական ազդեցություն ունենալ երկրում քաղաքական որոշումների կայացման վրա, հնարավորություն չեն տալիս ունենալ իրական վերահսկողական մեխանիզմներ, որ հնարավորություն չեն տալիս երկում խաղաղ անցնցում իշխանության փոփոխության, երբ այդ ամենը բացատրում ես, հանրության համար շատ ավելի ընկալելի են դառնում առաջարկվող փոփոխությունները: Էլի եմ կրկնում, ամփոփելով երկշաբաթյա այցերը՝ կարող եմ ասել, որ հանրության օրակարգում գերակա են իր սոցիալ-տնտեսական խնդիրները: Անկեղծ պիտի ասեմ՝ հանրության համար մեծ առումով մեկ է՝ նախագահակա՞ն կառավարում կլինի, խորհրդարանակա՞ն, թե՞ կնշանակվի թագավոր: Քաղաքացու համար կարևորն այն է, որ իր խնդիրները լուծվեն, որ քաղաքացին, մարդը կարողանա իր ընտանիքը պահել, որ իր երեխաները չարտագաղթեն, ունենան աշխատատեղ: Բայց երբ բացատրում ես, որ առաջարկվող փոփոխություններով կա հնարավորություն՝ հասնել համակարգային փոփոխությունների, դա շատ արդեն ավելի հասկանալի է իրենց համար: «Բարգավաճ Հայաստանի» որևէ ներկայացուցիչ, մեզանից որևէ մեկը չի փորձում խաբել քաղաքացուն և ասել, որ դեկտեմբերի 6-ից հետո՝ դեկտեմբերի 7-ին մենք արթնանալու ենք բոլորովին նոր Հայաստանում: Միանշանակ է, որ դեկտեմբերի 7-ին մենք չենք արթնանալու այնպիսի Հայաստանում, որտեղ դատարանները միանգամից լինելու են անկախ և անաչառ: Իհարկե՛, այդպես չի լինելու, իհարկե՛, խաղի կանոնը դեռ տևական ժամանակ մնալու է նույնը, բոլորիս համար էլ դա հասկանալի է, բայց սա ճանապարհ է, սա հնարավորություն է քայլ առ քայլ հասնելու լուրջ համակարգային փոփոխությունների:

Ընտրությունը լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացունը՝ ո՞ր ճանապարհն ընտրել:

-Շատերը հրապարակել են իրենց կարգախոսը: «Բարգավաճ Հայաստանին»-ը ո՞րն է:

-Մեր կարգախոսը շատ պարզ է. «Ուզո՞ւմ ես փոփոխություններ՝ քվեարկիր «այո՛»: