Լոնդոնը Մոսկվային ապացույցներ է ներկայացրել A321-ում տեղի ունեցած հնարավոր ահաբեկչության վերաբերյալ


16:00 , 9 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Լոնդոնը Մոսկվային է ներկայացրել ապացույցներ առ այն, որ ռուսական Airbus А321 ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, Եգիպտոսում կործանվել է ահաբեկչության հետևանքով:

Ինչպես տեղեկացնում է Sputnik գործակալությունը, համապատասխան հայտարարությունն արել է բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

«Սովորաբար, մենք չենք մեկնաբանում հետախուզության հետ կապ ունեցող հարցերը: Չնայած դրան՝ մենք որոշում ենք կայացրել  մեր ունեցած տեղեկությունների հիման վրա: Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, կա մեծ հավանականություն, որ ռուսական ինքնաթիռն աղետի է ենթարկվել պայթուցիկ սարքի պատճառով: Մենք մեր եզրակացությունները ներկայացրել ենք մեր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին: Որոշ տեղեկություններ գաղտնի են պահվում, սակայն մենք կիսվել ենք այն ամենով, ինչով կարող էինք»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։  

Ավելի վաղ «Коммерсантъ» թերթը՝ ինքնաթիռի կործանման հանգամանքների քննությանը մոտ կանգնած աղբյուրի վկայակոչելով, գրել էր, որ ինքնաթիռի կործանման պատճառը հնարավոր չի եղել պարզել բեկորների նախնական զննությամբ, ինչպես նաև ինքնագրիչների նախնական վերծանման արդյունքում։ Նրա խոսքով՝ ահաբեկչության վարկածը կստուգեն հատուկ փորձաքննության միջոցով: