Ինչպես ազատվել բարդույթներից


15:14 , 9 նոյեմբեր, 2015

Բարդույթներ… Չգիտես որտեղից հայտնվում ու իրենց սեփականատիրոջ կյանքը փչացնում են: Դրանք ճնշում են, դեպրեսիաների պատճառ են դառնում, մարդուն ստիպում են իրեն խեղաթյուրված ընկալել և կարծել, թե ուրիշներն էլ են իրեն այդպես ընկալում: Ինչպե՞ս ազատվել բարդույթներից, ընդմիշտ դրանք մեր կյանքից վերացնել: Մարդկային հոգեկան աշխարհի այս թշնամու դեմ կռվի հաջողության գաղտնիքները կարդացեք այս հոդվածում:
Բարդույթներից ազատվելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերը.
1. Պարզել բարդույթի առաջացման պատճառները։ Գիտե՞ք, թե որտեղից են ծլում մեր բարդույթները: Հաճախ մեզ թվում է՝ դուր չենք գալիս շրջապատին: Թվում է՝ պետը մեր աշխատանքի որակը չի հավանում: Թվում է՝ հակառակ սեռը Ձեզ չի հավանում, որովհետև Դուք գեղեցիկ չեք: Թվում է՝ ընկերներդ հետևիցդ խոսում են: Այստեղ ինչ-որ բառ-բանալի նկատեցի՞ք: Ճիշտ է՝ մեզ ԹՎՈՒՄ Է: Դրա համար էլ կողմնակի պատճառները կարող են շատ լինել, բայց իսկական պատճառը մեկն է՝ բարդույթների առաջացման համար մենք ինքներս ենք մեղավոր: Ցածր ինքնագնահատական, կասկածամտություն, անինքնավստահություն՝ ահա այն պատճառները, որոնք բարդույթի հայտնվելու լավ հիմք են ծառայում: Նշանակում է՝ բարդույթների դեմ պայքարելու միակ միջոցը մեզ փոխելն է:
2. Իրավիճակը սթափ գնահատել։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ աշխարհում մարդ, ում կյանքում ամեն ինչ իդեալական է՝ և՛ ներքինը, և՛ կարերիան, և՛ ընտանեկան վիճակը, և՛ ընկերները: Հազիվ թե այդքան հաջողակ մեկը գտնվի: Յուրաքանչյուրն ունի թերություններ, համապատասխանաբար՝ բարդույթի առիթներ։ Սակայն եթե որոշ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց թերությունների վրա, մյուսները միայն դրանց մասին են մտածում: Միևնույն ժամանակ շրջապատի ուշադրությունը հրավիրում են հենց իրենց թույլ կողմերի վրա: Դրա համար արդարացի կլինի ինքներդ Ձեզ խոստովանել. «Ես միակը չեմ, բոլորն էլ ունեն թերություններ», և միանգամից ամեն ինչ զգալիորեն հեշտ կդառնա:
3. Ազատվել վախից։ Բարդույթից ազատվելու ճանապարհին կարևոր քայլերից է վախը, առաջին հերթին՝ հասարակական կարծիքի նկատմամբ վախը հաղթահարելու կարողությունը: Մի՞թե մեր ամբողջ կյանքում պետք է ամեն ինչ անենք ուրիշի կարծիքին հնազանդ: Եվ արդյո՞ք այն միշտ է այդքան խորաթափանց, որքան մեզ է թվում: Ամեն դեպքում մի՛ վախեցեք արտահայտվելուց, մի՛ վախեցեք սխալվելուց, վերջիվերջո մի՛ վախեցեք ծիծաղելի լինելուց: Աշխատեք թեթև վերաբերվել շրջակա աշխարհին, դադարե՛ք մտածել ձեր ամեն քայլի մասին, մի՛ փորձեք դուր գալ բոլորին (չէ՞ որ դա ուղղակի անհնար է), և բարդույթի բեռը աստիճանաբար կընկնի Ձեր ուսերից:
4. Հավատալ ինքներդ Ձեզ։ «Ես կարող եմ, ես ունակ եմ»-ը պետք է դառնա Ձեր նշանաբանը: Ներշնչե՛ք Ձեզ, որ այս կյանքում ամեն ինչը հասանելի է: Սրանում կօգնի սովորական հոգեբանական մարզումը, վերցրեք թղթի մի կտոր և վրան գրեք հատկանիշների այն ցանկը, որոնք չունեք, բայց շատ կցանկանայիք ձեռք բերել: Այդ ցանկն ամեն օր բարձրաձայն կարդացեք: Երաշխավորում ենք՝ ժամանակի հետ տվյալ հատկանիշները ձեռք կբերեք: Նաև ձեր կյանքից բացառեք «չ» մասնիկը՝ «չեն սիրում», «չեն հասկանում», «չեն գնահատում»:
5. Ակտիվորեն գործել։ Հոգեբանական մարզումները լավ են, բայց բարդույթների դեմ կռիվը ակտիվ գործողություններ էլ է պահանջում: Ավելորդ քաշը չի անհետանա, եթե չսկսեք այցելել մարզասրահ, և բարդույթը չի պակասի, եթե շրջապատի հետ կապ հաստատել չփորձեք: Կոնկրետ նպատակներ դրեք, որոնց հասնելը կօգնի ձեզ բարդույթները հաղթահարել:
6. Մտածել Ձեր արժանիքների մասին։ Ուշադրությունը կենտրոնացնելով մեր թերությունների վրա՝ հաճախ մոռանում ենք արժանիքների մասին, որոնք, անկասկած, մենք զգալիորեն ավելի շատ ունենք: Թղթի կտորի փորձը նաև կարող ենք այստեղ օգտագոծել. այս անգամ նրա վրա Ձեր դրական հատկանիշները գրեք: Դուք չափազանց ինքնաքննադա՞տ եք այդպիսի ցուցակ կազմելու համար: Օգնություն խնդրեք հարազատներից կամ մոտիկներից: Համոզված եղեք՝ նրանք Ձեզ տասնյակ ուրիշ արժանիքներ կասեն: Միևնույն ժամանակ կիմանաք, որ Դուք այդքան էլ ոչնչություն չեք երևում ուրիշների աչքում:
7. Կյանքը սիրել։ Կյանքը հրաշալի է. միշտ հիշե՛ք: Ժպտացե՛ք ամեն նոր օրվան, շրջապատող մարդկանց, հայլու սեփական արտացոլմանը: Հիշե՛ք՝ կյանքը չափազանց կարճ է ընկճվածության և տխրության վրա այն ծախսելու համար: Բարդույթների դեմ կռիվը պետք է հաճելի ու հեշտ զբաղմունք լինի, այդ ժամանակ դրանք ընդմիշտ կհեռանան: