Դերասանուհին վթարի է ենթարկվել. ողնաշարի վիրահատության համար գումար է անհրաժեշտ


14:24 , 9 նոյեմբեր, 2015

Armtimes.com-ը գրում է.

Շուրջ 10 օր առաջ ավտովթարի է ենթարկվել հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը: Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Ջուլիա Սաղաթելյանն ունի ողնաշարի վնասվածք, նրան վիրահատություն է անհրաժեշտ: Դերասանուհու վիճակը կայուն է, նա այսօր տեղափոխվելու է հիվանդասենյակ, որպեսզի պատրաստվի վիրահատության:

Վիրահատության համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաները լինելուն պես նա կվիրահատվի: Իսկ այդ կոնստրուկցիաները շուրջ 2 միլիոն դրամ արժեք ունեն: Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ դրանք տեղադրվելու են Ջուլիա Սաղաթելյանի ողնաշարի վրա (նա ողնաշարի կրծքային 8-րդ ողի վնասվածք ունի): Մեր հարցին, թե վիրահատությունից հետո արդյո՞ք կքայլի դերասանուհին՝ բժիշկը պատասխանեց. «Կարծում եմ, որ կքայլի»:

Նշենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկն իր էջում հայտարարություն է տեղադրել՝ տեղեկացնելով, որ վիրահատութան համար գումար է անհրաժեշտ.

«Ընկերներ ջան, դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի հետ 10 օր առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով նա գտնվում է Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Վիճակը ծանր է, նա մեքենայով մոտ 200 մետր գլորվել է ձորը...այժմ ողնաշարի եւ ոտքի բարդ վիրահատություններ են անհրաժեշտ եւ հարկավոր է գումար (ինպլանտների համար): Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել՝ գրեք եւ ես կփոխանցեմ Ջուլիայի մայրիկի համարը»,- գրել է Ադա Սիմոնյանը: