13:40 , 9 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
2016թ.-ի պետական բյուջեով էներգետիկայի ոլորտում նախատեսվում է նախաձեռնել՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման լուծման հարցը: Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը:
«Հայաստանն ունի զգալի ռեսուրսներ՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և էներգախնայողության հետ կապված, մեր ծրագրով մինչ 2026 թ.-ը երկրի էներգետիկ գեներացիայի մոտ 30 տոկոսը կարող ենք ապահովել էներգախնայողության շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:
Լևոն Շահվերդյանն ասաց, որ նախարարության աշխատակազմի պահպանության ծախսերը պետական բյուջեի ծրագրով կազմում են 861,4 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ չի փոխվել:
Փոխնախարարը հայտնեց, որ հաջորդ ուղղության՝ ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների համար կնախատեսվի 35,2 միլիոն դրամ, որից 28 միլիոն դրամը միայն աշխատավարձն է:
Փոխնախարարն անդրադարձավ նաև միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերին։ «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվում է արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստական դրամաշնորհային ծրագիր՝ 339,5 միլիոն դրամ»,– ասաց նա:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե էներգախնայողության ոլորտում ի՞նչ ակնկալիքներ է պետք ունենալ, ի՞նչ սպասել տարեվերջին:
«Կորուստները կնվազե՞ն, թե՞ ոչ: Եթե չեն նվազելու, կներեք, մենք շատ դժվար կգնահատենք, արդյո՞ք դա արդարացվա՞ծ է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը: Ի պատասխան էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարն ասաց, թե առաջին ծրագիրը Հրազդան-Շինուհայր օդային գծի վերականգնումն է:
«Խոսում եմ 39 միլիոն դոլար ծրագրի մասին՝ Համաշխարհային բանկի, էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր, որի հիմնական նպատակն այն է, որ գիծը, որը կառուցվել է 1958 թ.-ին և մինչ օրս աշխատում է, կազմում է Իրան-Հայաստան գծի բաղադրիչ մասը, վատ վիճակում է գտնվում, մինչ օրս որևէ շինարարական աշխատանք չի արվել: Ծրագրի ընթացքում պետք է տեղադրվի 721 հենարան, որից մոտ 300-նն արդեն տեղադրված է, 230 կմ նոր օդային գիծ պետք է անցկացվի: Հիմնական նպատակն է, որ բարձրացնենք Իրան-Հայաստան գործող գծերից մեկի հուսալիությունն ու անվտանգությունը»,-ասաց նա։
Փոխնախարարը հիշեցրեց, որ տարիներ առաջ էներգետիկ համակարգում ամիսը մեկ կամ երկու անգամ պարտադիր անջատումներ էին լինում, սակայն, վերջին տարիներին եթե երկու-երեք տարին մեկ անգամ համակարգային անջատումներ են լինում, ապա դրանք էներգետիկ համակարգում համարվում են արտակարգ դեպքեր:
Փոխնախարարի փոխանցմամբ՝ մյուս ծրագրով նախատեսվում է 3՝ Հաղթանակ ենթակայանի, Չարենցավան-3 և Վանաձոր-1 ենթակայանների կառուցման մասին: «Այս երկու ծրագրերը, որ ներկայացրի, կախված են էներգոհամակարգի հուսալիության, անվտանգության հետ»,-շեշտեց նա: