12:36 , 9 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
2016թ.-ի պետական բյուջեով տրանսպորտի և կապի նախարարության ծախսային հատվածը կազմելու է 36,8 միլիարդ դրամ: Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ նշելով, որ իրականացվելու են 22 ծրագրեր, որոնցից 10-ը վարկային են:
Գագիկ Բեգլարյանն ասաց, որ կատարվելու են աշխատանքներ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքների, ամառային պահպանության աշխատանքների, պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, կամուրջների բարելավմանը միտված:
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ծրագրի իրականացման համար, ըստ նախարարի, կներդրվի 7 ծրագիր, այդ թվում՝ 1 վարկային միջոց, որը ամբողջությամբ կկազմի 14.7 միլիարդ դրամ:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ Հյուսիս-Հարավի անցանելի նեղ հատվածը մաքրվելո՞ւ է ձմռան ամիսներին, որպեսզի խցանումների պատճառ չդառնա:
Ի պատասխան Գագիկ Բեգլարյանն ասաց, թե այս տարի նույնպես, ինչպես և անցյալ տարի, նախարարությունը հսկողության տակ է վերցնելու մաքրման աշխատանքը՝ մինչև շինարարական աշխատանքների ավարտը:
Գագիկ Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ իրենք մտադրված են ավարտել Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածը և մինչև դեկտեմբերի 31-ը հանձնել շահագործման: «Հաստատ ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ»,- շեշտեց նախարարը: