10:10 , 9 նոյեմբեր, 2015
Անցած շաբաթը Թուրքիայի համար եղավ բավականին լարված և արյունալի: Նոյեմբերի երեքին PKK-ն հայտարարեց միակողմանի զինադադարի ավարտի մասին, որից անմիջապես հետո Դիարբեքիր նահանգի տարբեր քաղաքներում սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք բերեցին երկուստեք զոհերի և վիրավորների: Սիլվանում և Սուրում հայտարարվել է պարետային ժամ: Դիարբեքիր նահանգում PKK-ի կատարած ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 3-8-ը զոհվել է թուրքական բանակի 11 զինվոր, վիրավորվել 27, զոհվել է թուրքական ոստիկանության 5 ոստիկան, վիրավորվել 3-ը: Խաղաղ բնակչության շրջանում ևս կան զոհեր, հիմնականում 18-25 տարեկաններ:
Անհանգիստ է եղել նաև Մարդինում և Հաքքարիում: Ի տարբերություն Դիարբեքիրի՝ այս շրջաններում անցած շաբաթն ավելի արյունալի էր, և սուր էր ռազմական իրավիճակը: Ինչպես ամեն անգամ, թուրքական բանակը վանդալիզմի էր ենթարկել քրդական գերեզմանները, այնուհետև փորձ էր արել մտնել Հաքքարի քաղաք, որտեղ հանդիպել էր ուժեղ դիմադրության: Շըրնաքում ևս անհանգիստ է եղել, հրիթռակոծվել են բնակավայրեր, բնակելի տներ: Ընդհանուր առմամբ այս շրջաններում քրդական կողմն ունեցել է ավելի քան 50 զոհ և մեծ քանակությամբ վիրավորներ: Թուրքական բանակը քանի որ գործել է երկնքից և բավականին հեռավորությունից, համեմատաբար կրել է քիչ մարդկային կորուստներ՝ 7 զոհ և 18 վիրավոր: