07:55 , 9 նոյեմբեր, 2015
Քիշնևում մոտ 300 մարդ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Մոլդովան միավորել Ռումինիայի հետ՝ հաղորդում է Interfax-ը: «Մոլդովայի երիտասարդություն» հասարակական շարժման ղեկավար Անատոլի Ուրսուն հայտարարել է, որ «այժմ ճիշտ ժամանակն է»՝ միավորվելու հարևան պետությանը:
Նրա կարծիքով՝ բարենպաստ հանգամանք է այն, որ երկու երկրների նախարարների կաբինետները հրաժարական են տվել: «Մենք կարծում ենք՝ միավորման համար դա շատ հարմար պահ է՝ ձևավորելու մեկ կառավարություն և ոչ թե երկու, և սկսելու միավորման գործընթացը: Մենք ցանկանում ենք Մոլդովայի պահպանումը Ռումինիայի կազմում: Դա մեզ և մեր ապագայի համար միակ հնարավորությունն է»,- ասել է Ուրսուն:
Նա նաև հայտարարել է, որ երիտասարդական կազմակերպությունը իշխանություններից կպահանջի ընդհանուր արժույթի ներմուծում, միասնական արտաքին և պաշտպանական քաղաքականություն, էներգետիկ խնդիրների լուծում:
Ակտիվիստներն անցել են Քիշնևի կենտրոնական փողոցներով մինչև ԱՄՆ դեսպանատուն, ապա ուղևորվել դեպի Գերմանիայի և Ռումինիայի ներկայացուցչություններ: