Բաքվի վարչակարգը լրջորեն անհանգստացած է «Մահմեդական միություն շարժում» կազմակերպության ծավալած գործունեությամբ


04:46 , 9 նոյեմբեր, 2015

Բաքվի բռնապետի վարչակարգը լրջորեն անհանգստացած է Ադրբեջանական Հանրապետության «Մահմեդական միություն շարժում» շիայական կազմակերպության ծավալած ակտիվ գործունեությամբ:

Իրանի և Իրաքի շիայական հոգևոր կենտրոններում կրթություն ստացած Թալե Բաղիրզադայի կողմից ղեկավարվող այս շարժումը մի քանի օր առաջ հենց Բաքվի արվարձաններում անհնազանդության ամենանշանակալի գործողություններից մեկն էր ձեռնարկել, որն ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից որակվել էր «խռովություն», իսկ դրա մասին «Հաքքին.ազ» կայքի հրապարակումը մեկ օր անց հեռացվել էր՝ հավանաբար հաշվի առնելով նույնիսկ անհնազանդության գործողության մասին լրատվության տարածման վտանգավորությունը Բաքվի բռնապետի համար:

Ուշագրավ է ևս մեկ հանգամանք. Թ. Բաղիրզադեն չնայած ծնվել է Բաքվում, սակայն արմատներով Լեռնային Շիրվանի ամենահռչակավոր թաթական բնակավայր Լահիջից է, այսինքն՝ էթնիկական առումով կովկասյան պարսիկ (թաթ), ինչից կարելի է ենթադրել, որ նրա հետևորդների մեջ փոքր թիվ չեն կազմում հենց իր ազգակիցները:

Չնայած «Մահմեդական միություն շարժումը»՝ որպես կազմակերպություն, հիմնված է դավանական գործոնի առաջնայնության գաղափարի վրա, այսուհանդերձ պակաս կարևոր չէ, որ Ադրբեջանում, պատկերավոր ասած, իսլամական հեղափոխության առաջնորդը սերում է պարսկալեզու այն ավանից, որտեղ, ըստ ավանդության, հանգչում է պարսից առասպելական արքա Քեյ-Խոսրովը: