01:48 , 9 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Աֆրիրկյան Գանա պետությունում գտնվող Հոհո տարածքի միապետը` Տոգբե Նգորիֆիա Կիֆա Կոսի Բանսային կարելի է համարել բացառիկ մարդ, ով թագավորական գահը փոխարինել է ավտոմեխանիկի գործիքներով:
Ինչպես նշում է fishki.net կայքը, Բանսան ունի 200.000 հպատակ, բացի այդ նրան իրենց առաջնորդն են համարում Տոգոյում բնակվող 2 մլն-ից ավելի մարդ: Այնուհանդերձ, արքան չի ապրում ո՛չ Գանայում, ո՛չ Տոգոյում. նրա տունը Գերմանիայում է, որտեղ արքան աշխատում է որպես ավտոմեխանիկ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1970թ. նրա պապը` այն ժամանակվա միապետը, թոռանն ուղարկել է Գերմանիա` ավտոմեխանիկի արհեստը յուրացնելու համար: Երիտասարդը հաճույքով սովորել է այդ գործն ու շարունակել ապրել Գերմանիայում։ 1987թ.` պապի մահից հետո, Բանսան հռչակվել է Հոհոյի թագավոր:
Չցանկանալով թողնել ավտոմեխնիկի գործը` Բանսային հաջողվել է համատեղել արքայի լիազորություններն ու «սովորական մահկանացուի» աշխատանքը:
Հետաքրքրական է, որ Բանսան 09.00-17:00-ը աշխատում է որպես ավտոմեխանիկ, իսկ երկիրը կառավարում է հեռախոսի, սկայպի ու էլեկտրոնային փոստի միջոցով:
Տարվա մեջ մի քանի անգամ Բանսան կնոջ ուղեկցությամբ գնում է Գանա և Տոգո` տիրող իրավիճակին ծանոթանալու համար:




