Միգուցե նախարարի տրամադրությունը լավ չի եղել, դրա համար է ասել, որ կյանքն ավելի է դժվարանալու հաջորդ տարում. Ֆինանսների փոխնախարար


22:29 , 7 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Միգուցե նախարարի  տրամադրությունը լավ չի եղել, դրա համար է այդպես բնութագրել.  Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցողն է:

Հիշեցնենք, որ   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է հաջորդ տարում: 

Կոնկրետ փոխնախարարը համակարծիք չէ նման հոռետեսական ձևակերպման հետ: «Ես օպտիմիստ եմ: Եթե մյուս տարվա մասին ենք խոսում, ապա երեք մոտեցում կարող է լինել՝ օպտիմիստ, ռեալիստ և պեսիմիստ, ես դրանցից օպտիմիստն եմ»,- ասաց նա: 

Իսկ թե ռեալ ինչ կլինի հարցին ծիծաղելով է պատասխանում. «Կլինի այն, ինչ կլինի: Կյանքը շարունակվելու է, մենք որևէ  բացասական շեղումներ չենք ունենալու, այս բյուջեն մեզանից կախված՝ կայունության բյուջե է, որովհետև մենք չենք կարող ամբողջ աշխարհը կարգավորել, մեզանից կախված՝ կլինի կայուն տարի»: