16:06 , 7 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եգիպտոսից ռուս և բրիտանացի զբոսաշրջիկների հեռանալը երկիրը կզրկի զբոսաշրջային հոսքի 70 տոկոսից և ուժեղ հարված կհասցնի ոլորտին։ Այդ մասին հայտարարել է
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությանը կից խորհրդի անդամ Մուհամեդ Յուսեֆը, գրում է korrespondent.net-ը։
«Ռուս զբոսաշրջիկներն առաջին տեղում են՝ տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ։ Բրիտանացիները՝ 1 միլիոն: Շուկայից նրանց հեռանալը ոլորտին ուղղված ամենամեծ հարվածն է: Կորուստները կկազմեն զբոսաշրջային հոսքի 70 տոկոսը»,- ասել է Յուսեֆը։
Նախարարության տվյալներով՝ զբոսաշրջային ոլորտը տալիս է երկրի ՀՆԱ-ի 11,3 տոկոսը և ապահովում է արտարժույթով երկրի գանձարանի ավելի քան 14 տոկոս եկամուտը: Մինչև 2011 թվականի հունվարին սկսված անկարգությունները, որոնք հանգեցրին իշխող վարչակարգի փոփոխության, Եգիպտոս այցելում էր տարեկան մոտ 15 միլիոն զբոսաշրջիկ, այնուհետև այդ թիվը կտրուկ նվազեց։
Մինչև Սինայում ռուսական ինքնաթիռի աղետը Եգիպտոսը ցանկանում էր 2015 թվականի վերջին ընդունել մոտ 10 միլիոն օտարերկրյա զբոաշրջիկ։ Օգոստոսի վերջին այդ թիվը կազմում էր 6,6 միլիոն՝ 5 տոկոսով ավելի անցած տարվա ցուցանիշներից։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։