Այսօր Գեղամավանում և Չարենցավանում տեղի կունենա Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհվածների հուղարկավորությունը


12:46 , 7 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում տեղի կունենա Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերից Հրաչ Բադալյանի և  Գագիկ Մանուկյանի  հուղարկավորությունը, իսկ Չարենցավանում մեկ այլ գեղամավանցու` Վարուժ Ստեփանյանի հուղարկավորությունը: Tert.am-ի հետ զրույցում  հայտնեց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը:

«Չարենցավանում էլ տեղի կունենա մեր մյուս գյուղացու` Վարուժ Ստեփանյանի հուղարկավորությունը, սգում ենք»,- ասաց գյուղապետը։

Հիշեցնենք, որ մեկ ամսից ծնվելու է Հրաչ Բադալյանի  զավակը։ Նրա հորեղբայրը՝ Ֆռունզիկ Բադալյանը, հայտնեց, որ թեև զոհվածի կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն առողջական խնդիրներ ունի:

Նրանց մեկ այլ համագյուղացու` Հայկ Հովհաննիսյանի հուղարկավորությունն էլ տեղի էր ունեցել երեկ` Սևանում:

Հիշեցնենք, որ մամուլը տեղեկացրել էր, որ արտագնա աշխատանքի մեկնածներից ոմանց  գումարները, որ վթարի ժամանակ կորել էր փաստաթղթերի ու իրերի հետ, չեն գտնվել: Սակայն թե՛ գյուղապետը, թե՛ զոհված Բադալյանի հարազատները հայտնեցին, որ գումարն ամբողջությամբ վերադարձվել է: