20:30 , 7 նոյեմբեր, 2015Դիսնեյյան ֆիլմերի աշխարհները երևակայության արդյունք են, սակայն դրանց հիմքում իրական վայրեր են, որոնք գտնվում են մեր մոլորակի վրա։ Ահա դրանցից միայն մի քանիսը.


«Քնած գեղեցկուհի» անիմացիոն ֆիլմի արքայական դղյակը ներշնչված է Գերմանիայի Բավարիա բնակավայրում գտնվող Նոյշվանշտայն դղյակից։ Այս դղյակը կառուցվել է Բավարիայի Լյուդվիգ երկրորդ արքայի կողմից 1892թ.-ին որպես անձնական նստավայր՝ ի պատիվ Ռիչարդ Վագների՝ իր սիրելի երաժիշտի։ Լյուդվիգ երկրորդը հայտնի արվեստասեր էր, ով բազմաթիվ գեղեցիկ կառույցներ է ժառանգություն թողել Բավարիայի տարածքում իր մահից հետո։


«Գեղեցկուհին ու հրեշը» անիմացիոն ֆիլմի այս փոքրիկ գյուղական հրապարակը ոգեշնչված է Ֆրանսիայի Էլզաս բնակավայրից, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածում և Եվրոպայի պատմության մեջ հիմնականում քաղաքական առումով Գերմանիային է պատկանել։ Որպես այդպիսին, այն իրենից ներկայացնում է գերմանական ու ֆրանսիական մշակույթների միաձուլում։


«Ռապունցել» անիմացիոն ֆիլմում Կորոնայի թագավորությունը Ֆրանսիայի Նորմանդիա շրջանի Մոն Սեն Միշել կղզի-ամրոցից է ներշնչվել։ Այս յուրահատուկ կղզին կտրվել է հիմնական ցամաքային տարածքից մակընթացային ջրերի պատճառով։


Դրախտային ջվեժը, որը կարելի է տեսնել «Վերև» անիմացիոն ֆիլմում, ներշնչված է Վենեսուելայում գտնվող Անխելի ջրվեժից։ 979 մետր բարձրություն ունեցող ջրվեժն աշխարհի ամենաբարձր ջրվեժն է համարվում, որը գահավիժում է Աույանտեպույա ժայռի բարձունքից։


«Ալադին» անիմացիոն ֆիլմում սուլթանի պալատը ոգեշնչված է Հնդկաստանի Ագրա քաղաքում գտնվող Թաջ Մահալից։ Թաջ Մահալը կառուցվել է Շահ Ջահան կայսեր կողմից 1632թ․-ին իր կնոջ՝ Մումթազ Մահալի համար։


«Կայսեր արկածները» մուլտֆիլմում ներկայացվող Պաչա գյուղը ոգեշնչվել է Պերուում գտնվող Մաչու Պիչուից։ Ինկերի առեղծվածային այս բնակատեղին գտնվում է 2430մ բարձրության վրա և եղել է Պաչակուտի կայսեր նստավայրը։ Իսպանական ներխուժումից հետո վայրը լքված է մնացել ու մոռացվել արտաքին աշխարհի կողմից, մինչև 1911թ.-ին այն վերահայտնաբերվել է։


«Մուլան» անիմացիոն ֆիլմում կայսեր տունը ոգեշնչված է Չինաստանի Պեկին քաղաքի «Արգելված քաղաքից»։ Չնայած այժմ այն բաց է զբոսաշրջիկների համար, ժամանակին այն ծառայել է որպես Մին և Քին դինաստիաների կայսրերի նստավայր։ Թանկարժեք պալատն «Արգելված» էր համարվում, որովհետև այն կայսեր նստավայրն էր, և ոչ ոք չէր կարող ներս մտնել կամ դուրս գալ այնտեղից առանց նրա թույլատրության։


«Կուզիկը Նոթր Դամից» մուլտֆիլմի տաճարը Փարիզի Աստվածամոր տաճարն է։ Խորհրդանշական այս տաճարը գոթական ճարտարապետության ամենահայտնի նմուշներից է աշխարհում։ Այն կառուցելու համար գրեթե 200 տարի է պահանջվել։


«Փոքրիկ ջրահարսը» մուլտֆիլմում արքայազն Էրիկի դղյակը ոգեշնչված է Շվեյցարիայում գտնվող Ժնև լճի ափին գտնվող Շիլոն ամրոցից։ Ամրոցը կառուցվել է Հռոմեական կայսրության տարիներին՝ Ալպերը տանող ճանապարհը հսկելու նպատակով։


Խաղային կենտրոնական կայանը, որը կարելի է տեսնել «Ռալֆ» մուլտֆիլմում, ոգեշնչված է Նյու Յորքի Կենտրոնական կայարանից։ Կայարանը քանդվել ու վերակառուցվել է իր այժմյան տեսքով 1913թ.-ին։ Խորհրդանշական այս կայարանն ակտիվորեն օգտագործվում է մինչև այսօր՝ չնայած այն պայթեցնելու սպառնալիքներին։


«Մեքենաներն» անիմացիոն ֆիլմում Ռամոնի տունը ոգեշնչվել է Տեխասի Շեմրոք բնակավայրում գտնվող Յու-Դրոփ Ինն գազալցակայան-ռեստորանից։ Այն բանից հետո, երբ 66 մայրուղին փակվեց, այս վայրը նույնպես փակվեց։ Այժմ, սակայն, այն արվեստի ազգային ճարտարապետական հուշարձան է դարձել, ինչպես նաև «Tesla» էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան։


«Սպիտակաձյունիկի» թագուհու դղյակը ոգեշնչվել է Իսպանիայի կենտրոնում գտնվող Սեգովիայի Ալկազար դղյակից։ Հարյուրավոր տարիների ընթացքում այն օգտագործվել է իսպանական տարբեր միապետերի կողմից, մինչև 1862թ.-ին այն վնասվեց հրդեհից։ Այն գտնվում է երկու գետերի հատման մոտ գտնվող ժայռի գագաթին։