Ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մոտեցումների մեջ փոփոխություններ մտցնի. Արտակ Զաքարյան


10:36 , 7 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական դիտարկումից հետո արված հայտարարությանը, երբ կրկին հավասարության նշան է դրվել կողմերի միջև, տեսակետ հայտնեց, թե ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մոտեցումների մեջ փոփոխություններ մտցնի:

«Մենք վաղուց գտնում ենք, որ առկա փաստերի պայմաններում նման մոտեցումները որոշակի փոփոխություններ պետք է կրեն, բայց միևնույն ժամանակ զուտ դիվանագիտական լեզվով արվող հայտարարությունները նրա համար են, որպեսզի ապահովեն կողմերի միջև հավասարություն, և բանակցությունները շարունակելու հնարավորություն լինի»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ այնպես չէ, որ ԵԱՀԿ միջնորդների կոչերն անհասցե են: «Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, և սա ԵԱՀԿ միջնորդներին լրացուցիչ մտահոգությունների առիթ է տալիս, դրա մասին նույնիսկ համանախագահները հայտարարում են: Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները՝ իր հասարակությանը պատրաստելով ո՛չ թե պատերազմի, ո՛չ խաղաղություն իրավիճակին, այլ՝ պատերազմի, սակայն նրանց հայտարարության մեջ ասված է, որ հասարակությանը պետք է պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Սա կարելի է համանախագահների կողմից դիտարկել որպես թափանցիկ ակնարկ Ադրբեջանին, քանի որ ՀՀ-ն երբեք նման կոչեր չի արվում, այլ արվում է կոնկրետ Ադրբեջանին»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանն այսքանով հանդերձ շատ է կարևորում, որ ներկա հակասությունների և քաղաքականությունների ֆոնին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ հակամարտության կարգավորման աշխատանքում շարունակում է մնալ կուռ, և 3 երկրներն էլ ունեն միևնույն մոտեցումը և հակված են, որ խնդիրը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Ըստ պատգամավորի՝ մեծ ջանքեր են նաև գործադրվում, որպեսզի կազմակերպեն նախագահների մակարդակով հանդիպումներ, ինչպես նաև փորձ են անում  հանդիպումներ կազմակերպել տարբեր ձևաչափերով` հանրային հարթակում:

«ՀՀ-ի և քաղաքական և հասարակական շրջանները պատրաստակամությամբ են վերաբերվել և յուրաքանչյուր անգամ մասնակցություն են ցուցաբերել բոլոր այն աշխատանքներին, որտեղ որ հնարավոր էր հասարակական վստահության մթնոլորտ ձևավորել ադրբեջանցիների հետ, սակայն, ցավոք, վերջին տարիներին ադրբեջանական կողմը միտումնավոր և ընդգծված ձևով հրաժարվում է երկխոսության բոլոր այն հնարավորություններից, որոնք կարող են բացի բանակցային ձևաչափից, տեղի ունենալ  նաև հանրային և քաղաքական շփումների մակարդակով: Ադրբեջանը շարունակում է մերժել բոլոր ձևաչափերը և Ադրբեջանի հասարակական-քաղաքական գործիչները շարունակում են տարբեր հարթակներում աղավաղել գործընթացի և հակամարտության էությունը, որը բացասաբար է անդրադառնում»,- ասաց նա:

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու և հաջողություն ակնկալելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում դադարեցվեն  հրադադարի խախտման բոլոր դեպքերը և Ադրբեջանը թույլ տա, որպեսզի  համանախագահների առաջարկի հիման վրա մշակվեն մեխանիզմներ խախտման  յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրման և դրանք բացառելու համար:

Հարցին, թե ինչպե՞ս է, որ Մինսկի խմբի համանախագահների ձևացնում իբր չեն տարբերել՝ դիտարկման ժամանակ հայկակա՞ն կողմից են կրակոցներ եղել իրենց ուղղությամբ, թե ադրբեջանական, Արտակ Զաքրայնը նշեց, թե ինքը 2 տարի ծառայել է առաջնագծում և հավատացնում է, որ շատ հեշտ է կրակահերթի տեղը որոշելը:

«Դա լկտիության էլեմենտ է, և ես չեմ կարծում, որ դրանք պատահական կրակոցներ են եղել, իմ անձանկան դիտարկումներով դա Ադրբեջանի վերաբերմունք է Մինսկի խմբի տվյալ  պարագայում դաշտային առաքելությանը, որը որ իրականցվում էր, և սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը խնդրի լրջության նկատմամբ միանշանակ ընկալում չունի և իր համար միակ զսպող գործոնը հայկական զինուժի համարժեք պատասխանն է: Կարծում եմ, որ Մինսկի խումբը և նմանատիպ առաքելություններ իրականացնելով պետք է կարողանա էլ ավելի պնդել և Ադրբեջանից պահանջել հետաքննությունների մեխանիզմ»,-ասաց նա:

Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ համանախագահների ջանքերն արդյունավետ կլինեն: «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ դա միակ ձևաչափն է, որը կարող է արդյունավետ և անաչառ վերաբերմունք ունենալ այս բավական թեժ, արդեն իսկ երկար պատմություն ունեցող հակամարտության վերաբերյալ»,-նշեց նա: