Գրանցվել է քաղցկեղով մարդու «վարակման» առաջին դեպքը


02:43 , 7 նոյեմբեր, 2015

1708335Кorrespondent.net-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի գիտնականները գրանցել են մակաբույծից մարդուն քաղցկեղով վարակելու առաջին դեպքը։ Այս մասին ասվում է New England Journal բժշկական ամսագրում։

41-ամյա տղամարդու մոտ, որի իմունիտետն ընկել է ՄԻԱՎ վարակի պատճառով, հայտնաբերվել է քաղցկեղանման ուռուցք։ Քաղցկեղային բջիջները մարդուն անցել են Hymenolepis nana մակաբույծից։

Կոլումբիայի Մեդելին քաղաքում բնակվող տղամարդը դիմել է մասնագետների օգնությանը՝ բողոքելով տենդից, հազից, հոգնածությունից ու քաշի կորստից։ Այդ բոլոր ախտանիշները պահպանվել են ամիսներ շարունակ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդը ուռուցքներ ունի թոքերում, լյարդում, մակերիկամների և ավշային հանգույցներում։

Դրանք նման են եղել քաղցկեղի ուռուցքի, սակայն քաղցկեղի բջիջները շատ փոքր են։ Գիտնականները մտահոգված են, որ նման դեպքեր կարող են ծագել ավելի պակաս զարգացած երկրներում, որտեղ նույնպես տարածված է այդ երիզորդը։ Նրանք ապշել են՝ տեսնելով, որ հիվանդության այդ նոր տիպը մարդուն անցել է երիզորդից։ Գիտնականներն ընդգծել են, որ սա մակաբույծից մարդուն քաղցկեղով «վարակելու» առաջին դեպքն է։