Թուրքիայում 644.000 երեխա կրթություն չի ստանում


15:02 , 6 նոյեմբեր, 2015

cocuk_egitimԹուրքական Today`s Zaman թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Էնգին Ալթայը մեկնաբանել է Թուրքիայի կրթական համակարգում տիրող իրավիճակը։ Նա հայտարարել է, որ կրթության նախարարության տվյալների համաձայն՝ 644.000 երեխա, որոնք ունեն կրթություն ստանալու իրավունք, զրկված են այդ հնարավորությունից։

Ալթայի խոսքով՝ այդ տվյալների համաձայն, 2014-2015 ուսումնական տարում 193.289 երեխա կրթություն չի ստանում նախնական դպրոցի մակարդակով, 293.813 երեխա զրկված է միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ 157.346 երիտասարդ չի ստանում բարձրագույն կրթություն։

Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) մեղադրել է իշխանության 13 տարիներին Թուրքիայի կրթական համակարգի լուրջ խնդիրները չլուծելու համար։ Նա հավելել է, որ կրթական խնդիրներ կան ոչ միայն երկրի հարավային ու արևելյան հատվածներում, այլև անգամ ամենազարգացած նահանգներում։