Առաջին բեռնատար մեքենաները հասել են Հալեպ ճանապարհի ազատագրումից հետո


11:26 , 6 նոյեմբեր, 2015

Artsakhpress.am-ը գրում է.

Սիրական բանակի կողմից Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ճանապարհի` Ասրիե- Խանասեր ուղու ազատագրումից հետո նոյեմբերի 5-ին առաջին բեռնատար մեքենաները սննդամթերք, բանջարեղեն, պարեն եւ վառելանյութ են փոխադրել Հալեպ։

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ ուղևորատար մեքենաները ևս անվտանգ տեղ են հասել: Սիրիայի վարչապետ Ուաել ալ Հալաքիի ցուցումներով` առաջիկա օրերին մեծաքանակ վառելանյութ և սննդամթերք պիտի ուղարկվի Հալեպ։

Նոյեմբերի 4-ին սիրիական պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Խանասերի ճանապարհը, որով բացվել է Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ուղին:

Խանասերի ճանապարհի ազատագրմամբ վերջ է տրվել այդ տարածքների համար զինվորական գործողություններին: Սիրիական բանակն ամբողջացրել է ճանապարհի ականազերծման աշխատանքները, որից հետո Հալեպ-Խանասեր-Ասրիե-Սալամիե ճանապարհը հայտարարվել է բաց և ապահով: