Արոնյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մոսկովյան մրցաշարին


22:45 , 5 նոյեմբեր, 2015

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում՝ fide.com–ում, այսօր հաղորդագրություն է հրապարկվել այն մասին, որ երեկ հանդիպում է կայացել աշխատանքային այցով Երևանում հյուրընկալված ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և ՀՀ նախագահ, և շախմատի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի միջև: Քննարկվել են աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, Իլյումժինովը ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ ինչպես և նախապես հայտարարվել էր, այդ մրցաշարը կկազմակերպվի 2016թ գարնանը, ու որ արդեն որոշվել է՝ կարևորագույն այդ միջոցառման բոլորին այդքան հետաքրքրող մրցավայրի հարցը: Մրցաշարը կընդունի ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվան: Ստուգատեսի կազամակերիպիչներն են ՖԻԴԵ-ն ու ԱԳՈ-ն՝ շախմատի ՌԴ-ի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպման գործընկեր է Ռուսաստանում հայտնի «ՏԱՇԻՐ» ընկերությունը (նախագահ Սամվել Կարապետյան): Հիշեցնենք, որ անցյալ տարի «Տաշիրի» հովանավորությամբ Մոսկվայում մեծ շուքով ու հանդիսավորությամբ կազմակերպվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական բարձրակարգ հուշամրցաշարը:
Հավակնորդների մրցաշարի կազմակերպիչներն իրենց վերապահված իրավունքով ստուգատեսի վերջին՝ 8-րդ նոմինանտ են հայտարարել հայկական շախմատի առաջատար, այսօր ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում 7-րդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանին: Այսպիսով, արդեն հայտնի են աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բոլոր 8 մասնակիցները:
Դրանք են՝ 
Հիկարու Նակամուրա, ԱՄՆ,
Ֆաբիանո Կարուանա, ԱՄՆ,
Սերգեյ Կարյակին, Ռուսաստան, աշխարհի գավաթակիր, 
Պյոտր Սվիդլեր, Ռուսաստան աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից
Վեսելին Տոպալով, Բուլղարիա, 
Անիշ Գիրի, Հոլանդիա,
Վիշվանաթան Անանդ, Հնդկաստան,
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ: 
Այս հրաշալի ութնյակի մրցապայքարում ի հայտ կգա այն լավագույն շախմատիստը, ով հաղթող կճանաչվի այս մրցաշարում ու իրավունք կստանա ձեռնոց նետելու աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում: 
Հավելենք նաև, որ 2016թ. մարտի 10-30-ը Մոսկվայում ընթանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը լինելու է 420 հազար եվրոյից ոչ պակաս: