Հասարակություն որոշ մասի մոտ դժգոհելն ու բողոքելը բնավորության գիծ է դարձել


22:04 , 11 դեկտեմբեր, 2012

Ես արդեն սկսել եմ մտածել, որ մեր հասարակության որոշ մասի հոգին ու ներաշխարհը այնքան է բորբոսնել, որ այլևս անհնար է դիմանալ նրանց հետ համակեցության ցանկացած մտքին: Բողոքում են ու բողոքում: Դժգոհությունը դարձել է բնավորության գիծ: Դժգոհում են գերբեռնված երթուղային տաքսիներից, հետո բողոքում ավտոբուսներից, քանի որ վերջիններս ավելի դանդաղ են քշում, դժգոհում են, երբ ամեն ինչ նույնն է, դժգոհում են, երբ ինչ-որ բան փոխվում է, դժգոհում են անճաշակությունից` միաժամանակ թպրտում ու հոգեգխտում ռաբիսամուղամաթի ներքո, դժգոհում են, երբ քաղաքը աչքաթող է արվում ու բողոքում, երբ այն տոնական տեսք է ստանում: Աչքները գցում են դրսերն ու պատեհ-անպատեհ օրինակ բերում այլ երկրները, ու հենց նույն բանն էստեղ են անում` սկսում են դժգոհել ու բողոքել: Լավ, չեմ հասկանում` ինչ է ձեզ պետք «երջանիկ» լինելու համար: Թե՞ այնքան ենք կքել առօրյա ու տևական հոգսերի տակ, որ այլևս կուրացել ենք ու չենք նկատում լույսի ոչ մի շող: 
ՀԳ. Ամենակարևորը, հարգելի՛ դժգոհներ, փորձե՛ք համակերպվել այն մտքի հետ, որ կան մարդիկ, ովքեր նկատում են լավը ու քարկոծում և քննադատում վատը: Կայսրինը` կայսրին, Աստծունը` Աստծուն: