11:28 , 5 նոյեմբեր, 2015
Նախօրեին Փարիզում` ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում, Խորհրդաժողովի քաղաքական հանձնաժողովը ձայների 26 կողմ, 10 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Այստեղից հարկ է եզրակացնել, որ Ուոլթերի այս զեկույցն ինքնըստինքյան ներառվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստի օրակարգ:
Զեկույցում, բացի Հայաստանի և Արցախի համար անընդունելի վերնագիր ունենալուց, կոչ է արվում հայկական կողմին անհապաղ ազատ արձակել դիվերսանտներ Ասկերովին և Գուլիևին, կիրառվում է «օկուպացիա» եզրույթը, դատապարտվում է հայկական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համազեկուցողների հետ աշխատանքի մերժումը և այլն: Փաստորեն, ԵԽԽՎ-ն ադրբեջանական մեջլիսի «եվրոպական ռեզիդենտը» վերածվելու ճանապարհն է բռնել, սակայն խավիարը երկար հոսել չի կարող:
Հարկ է նշել, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը կազմվել է ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում. հայկական կողմը, ի սկզբանե համաձայն չլինելով զեկույցի վերնագրին, հայտարարել է, թե Ուոլթերն այդպիսով արդեն իսկ կողմնակալ կեցվածք է դրսևորում։
Ռոբերտ Ուոլթերը 2013թ-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում գլխավորում էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը։ Նա, թերևս, արևմտյան այն եզակի դիտորդներից էր, ով պնդել էր, թե Ադրբեջանի նախագահն ընտրվել է ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում։ Սակայն մամուլում կասկածի տակ էր դրվում Ուոլթերի գնահատականը, և եվրոպացի պատգամավորների առաքելությունը բնորոշվել է որպես արձակուրդ։
Հետաքրքրական է, որ բրիտանական պարբերականներից մեկը Ուոլթերի առաքելության մասին գրել է. «Արքայավայել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսե գորգեր և գումարներ»:
Ստացվում է, որ այս բրիտանացի խավիարային տիկնիկը՝ Ուոլթերը, դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք կամ «ծախված հոգեկան» տիկնիկավար Ալիևի արյունոտ ձեռքերում: Այնուամենայնիվ, Ալիևը, ինչպես ցույց է տալիս փորձը, կարճ ժամանակ անց ծախվածներին ուղարկում է գրողի ծոցը, երբ նոր ծախված է ի հայտ գալիս: Այնպես որ Ուոլթերը երկար ժամանակ չի օգտվի Ալիևի կրծքի կաթից, և կարճ ժամանակ անց, երբ նա այլևս պետք չի գա, նրան դուրս կշպրտեն առանց «փամփերսի»: