Մոսկվայում Երևան ուղևորվող 2 ավտոբուս է կանգնեցվել անսարքության պատճառով


23:30 , 4 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի պետավտոտեսչության աշխատակիցները Երևան ուղևորվող 2  լի մարդատար ավտոբուս են կանգնեցրել` արգելակիչ համակարգի և ղեկի հետ կապված  լուրջ անսարքությունների պատճառով:

РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը:

ՆԳՆ վարչության աշխատակիցները պարզել են, որ վարորդները ուղևորատար փոխադրումներ են իրականացնում առանց   համապատասխան արտոնագրի` կոպտորեն խախտելով անվտանգության պահանջները:

Ներկա պահին  ավտոբուսները գտնվում են հատուկ կայանատեղիում, իսկ վարորդներին տեղափոխել են ՆԳՆ վարչություն հետագա պարզաբանումների համար:

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Տուլայում վթարվել էր Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթացող ավտոբուսը, որում գտնվել են Հայաստանի 60 քաղաքացի: Նրանցից 8-ը զոհվել են, 48-ը` վնասվածքներ ստացել, որոնցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: