Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը՝ «Վերջին հայրիկը» սերիալի և դերասանական կազմի մասին


18:15 , 4 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 9-ին ATV հեռուստաընկերությամբ մեկնարկում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը, բայց սա միակ նորությունը չէ՝ կապված հեռուստաալիքի նոր հաղորդումների և սերիալների հետ։ BlogNews.am-ը զրուցել է «Վերջին հայրիկը» սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, ում գրչին են պատկանում բազում սերիալների սցենարներ, ինչպես նաև «Անավարտ թռիչքը» գեղարվեստական ֆիլմի սցենարը:

«Երբ  աշխատելու առաջարկ ստացա ATV հեռուստաընկերությունից, մտածեցի՝ ինչ անեմ, քանի որ շատ բարդ է անել մի բան, ինչ չի եղել, և որոշեցի ստեղծել սերիալ տղամարդու պատմության մասին: Այս սերիալում էլ կլինի սեր, բայց դա չի լինի հիմնական գիծը, այստեղ ավելի շատ հայր-տղա երեխա հարաբերություններն են»,-պարզաբանեց Անահիտը:

Բացելով սերիալի մասին փակագծերը՝ Անահիտը նշեց. «Պատմությունն այն մասին է, որ տարիներ հետո նույն ընտանիքի երեք սերունդների տղամարդիկ հանդիպում են իրար: Ազատազրկումից վերադառնում է Դավիթ անունով կերպարը, ում հայրը սպասում է տանը, նա ունի տասնչորս տարեկան տղա։ Հերոսի հոր կերպարում խաղում է դերասան Գուժ Մանուկյանը: Նրանք հանդիպում են, և շատ հետաքրքիր պատմություններ են սկսվում, և քանի որ տղան ընդամենը տասնչորս տարեկան է և չի կարողանում շատ բան ճիշտ գնահատել, չնայած որ իր հասակակիցներից ավելի լավ է դատում, նա հորը շատ հարցերում է մեղադրում, բայց հայրն էլ փորձում է հակառակն ապացուցել և ցույց տալ, որ նա սխալ չէ։ Հետո, սակայն, տեղի է ունենում մի բան, որ վերջ է դնում նրանց կոնֆլիկտին, որովհետև ընտրություն չի մնում: Կա մի շատ կարևոր հանգամանք, որ ամեն ինչին վերջ է դնում, դրա մասին դեռ չեմ խոսում, դա կպարզվի երկրորդ կամ երրորդ սերիայում»:

Անահիտն իր բոլոր սերիալները գրում է՝ իրական հիմքերից ելնելով, իհարկե նաև խոստովանում է, որ եթե չավելացնի գեղարվեստական լուծում, սերիալը լիարժեք չի լինի. «Երբեմն մարդիկ երբ նայում են սերիալը, ասում են, որ նման բան չի կարող լինել, բայց իրական կյանքում ամեն ինչ էլ պատահում է»:  

Դերասանական կազմին ընտրել է Անահիտը, ոմանց հետ էլ առաջին անգամ է աշխատելու։ «Միայն Վարդան Հովսեփյանն է, ում հետ նախկինում աշխատել եմ, Գուժ Մանուկյանի, Լիանայի, Ռոբերտ Հակոբյանի, Արման Մարտիրոսյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, իսկ վերջինիս հետ մեր ծանոթությունը եղել է շատ կարևոր սցենարի համար, ես հասկանում էի, որ ամեն ինչ կարող եմ անել, բայց չէի պատկերացնում, որ կգտնեմ մի այնպիսի երեխա, որ կկարողանա մեծավարի խոսել և դա կընդունի: Երբ ես խոսում եմ նրա հետ, մոռանում եմ, որ նա ընդամենը 14 տարեկան է։ Նա բավականին հեշտացնում է իմ աշխատանքը»,-ընդգծեց Անահիտը:

Զրույցի վերջում Անահիտը հույս հայտնեց, որ սերիալը կսիրվի հեռուստադիտողի կողմից. «Ես երբեք չեմ պնդում, որ հեռուստադիտողը սխալ է, քանի որ ես միանշանակ գիտեմ, որ նրանց համար եմ անում, և եթե նրանց դա դուր չի գալիս, նշանակում է, որ իզուր եմ աշխատում: Ես ուզում եմ, որ հեռուստադիտողին դուր գա իմ աշխատանքը»:

Նշենք, որ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը կարող եք դիտել ATV հեռուստաընկերությամբ նոյեմբերի 9-ից՝ ժամը 22:00-ին:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի