Սյունեցիները կողմ են սահմանադրական բարեփոխումներին. Սուրիկ Խաչատրյա


18:49 , 3 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, հայտնեց, որ սյունեցիները կողմ են սահմանադրական բարեփոխումներին:

«Ժողովրդից հարցրեք, թե ոնց են տրամադրված: Սյունիքում ընտիր, արտակարգ են տրամադրված: Սահմանադրական բարեփոխումների մի կետը հերիք է, որ «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին»,-ասաց նա և նշեց, որ նկատի ունի այն, որ  նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու:

«Բոլոր ընտրությունները, 96 թվականից սկսած, տեսել ենք, թե ինչի են վերածվում: Վերածվում է ազգամիջյան պատերազմի: Այ, հենց ժողովուրդը կողմ է նրան, որ այդ ընտրությունները չեն լինելու»,- ասաց նա:

Սուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ ինքն անպայման մասնակցելու է քարոզարշավին և ամենաբարձր ցուցանիշներն է գրանցելու: Հարցին թե քանի՞ տոկոս ձայն են նրանից պահանջել, նա պատասխանեց. «Ինձ որևէ մեկը նման հանձնարարություն չի տվել, ես ինքս եմ որոշում»:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա նա ասաց, որ Սյունիքում ընտրակեղծիքներ չեն եղել:

«Ոչ մի ընտրությունում ընտրակեղծիք չի լինում: Անցած տարի հունիսի քսանին մի հատ կեղծիք տեսա՞ք: Ժողովրդի հետ անկեղծ ենք լինում, փոխադարձ հարգանքն ու վստահությունը կա: Ինչ որ արվում է, առաջին հերթին երիտասարդների համար է արվում»,-ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքը մշտապես պաշտոնավարում է, Խաչատրյանը պատասխանեց. «Չմտահոգվեք, որովհետև ես միշտ մնալու եմ: Իշխանափոխություն միշտ էլ լինելու է, հո միշտ նույն իշխանները չե՞ն լինելու: ՀՀԿ-ն հզոր է, ինքն ա շարունակում: Մի քսան տարի առաջ ամենահզոր կուսակցությունը ՀՀՇ-ն էր չէ՞, բայց հո ամեն ինչ հավերժ չէ: Երկարակեցության գաղտնիքը նորմալ աշխատելն է: Պետք է լինես այնպիսին, որ փոխադարձ վստահություն լինի»:

Ինչ վերաբերում է Սյունիք մարզում վախի մթնոլորտի առկայությանը, ապա մարզպետ կոչ արեց Սյունիքի պատմությանը ծանոթանալ և համոզվել, որ Սյունիքում վախկոտներ չկա