Տղամարդկանց շախմատի ՀՀ չեմպիոնը կրկին ուժերն է փորձում Իսպանիայում


17:40 , 3 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 12-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկելու է տղամարդկանց Եվրոպայի թիմային 20-րդ առաջնությունը: Այս ստուգատեսին մասնակցող տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականի կազմում առաջին անգամ ընդգրկվելու բարձր պատիվն է արժանացել ու ընտրանիում նորամուտն է նշելու տղամարդկանց շախմատի 2015թ ՀՀ չեմպիոն, 20-ամյա գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը:
Նա այս անգամ փոխարինելու է շախմատի համաշխահային օլիմպիադաների եռակի չեմպիոն, 1999թ աշխարհի անհատական առաջնության փոխչեմպիոն, անվանի գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանին:
Կարևոր այս ստուգատեսից առաջ Կարենը, ով վերջին 2 տարիներին մեծ հաջողությամբ է ելույթ ունենում, հատկապես Իսպանիայում կազմակերպվող մրցաշարերում, ուժերի վերջին փորձակումը ևս որոշել է է կրկին Իսպանիայում կատարել և դրական լիցքեր ստացած մեկնել Իսլանդիա: 
Այսպես, ՀՀ չեմպիոնը նոյեմբերի 4-8-ը մասնակցելու է Բարսելոնում ընթանալիք 6400 եվրո մրցանակային հիմնադրամով շրջանաձև մրցակարգով՝ 5 տուրով 6 շախմատիստների մասնակցությամբ ընթանալիք միջազգային մրցաշարում: 
Այստեղ Գրիգորյանի մրցակիցները կլինեն ռուսաստանցի հայտնի գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզևիչը, պարագվայցի Աքսել Բախմանը, հունգարացի Քսաբա Բալոգը, ինչպես նաև իսպանացիներ Հիպոլիտո Ասիսին ու Մարկո Նարցիսոն: Նկատենք, որ ուշագրավ այս մրցաշարում մասնակիցներից և ոչ մեկն անմասն չի մնա դրամական պարգևավճարներից: 
Այսպես, գլխավոր մրցանակը նվաճող շախմատիստին բաժին կհասնի 2 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 1500, 3-րդին՝ 1100, 4-րդին՝ 800, 5-րդին՝ 600, իսկ 6-րդ հորիզոնականը զբաղեցնողին էլ՝ 400 եվրո պարգևավճար: