Մոսկվա-Երևան երթուղու վթարի զոհերի թիվը հասել է 9-ի


16:46 , 3 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Մոսկվա-Երևան վթարի ենթարկված երթուղու զոհերի թիվը հասել է 9–ի: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: 35 մարդ վիրավոր են, 7-ը ծանր վիճակում են, գտնվում են Տուլայի մարզի տարբեր հիվանդանոցներում:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը վթարի էր ենթարկվել «Տուլայի մարզի Ուլովսկի քաղաքի մոտակայքում: Ըստ տարբեր աղբյուրների, ավտոբուսում եղել է 59-63 ուղևոր, նախնական տվյալներով, երեխաներ չեն եղել:

Ռուսաստանի իրավապահները քննարկում են վթարի երկու վարկած՝ ավտոբուսի անսարքությունը և վարորդի՝ ղեկին քնելու հանգամանքը: Երկու վարորդները չեն տուժել:

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ Մոսկվայում վաղը նախատեսված բոլոր տոնական միջոցառումները ողբերգության պատճառով չեղյալ են հայտարարվել: Աբրահամյանը նաև փոխանցել է, որ ինքը զրուցել է Տուլայի հայերի միության նախագահի հետ, ով հավաստիացրել է, որ վթարից տուժած բոլոր անօթևան հայերին տրամադրվել է հյուրանոց:

Հիվանդանոցներում վիրավորներին  համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մյուսների, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների կյանքին  վտանգ չի սպառնում։

Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։

ՌԴ առողջապահության նախարարությունից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցած տեղեկության համաձայն՝ ավտովթարի հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում 17-ամյա  մեկ պատանի։ Զոհվել է 8 մարդ, որոնցից 5-ը՝ տեղում, 1-ը շտապօգնության մեքենայում, 2-ը՝ Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Տեղական ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 32 մարդ, 8 մարդ բուժօգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։