16:00 , 3 նոյեմբեր, 2015
Տաջիկստանում ինտերնետ-պրովայդերները մասամբ արգելափակել են Facebook, VKontakte, «Օդնոկլասսնիկի» սոցցանցերի, YouTube վիդեոհոսթինգի հասանելիությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությանը:
Բացի դրանից՝ նոյեմբերի 2-ի երեկոյից հասանելի չեն «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության և ընդդիմադիր «Օզոդագոն» ինտերնետ-ռեսուրսի կայքերը:
BBC-ի ռուսական ծառայությանը երկրի խոշոր ինտերնետ-պրովայդերների ներկայացուցիչները պատմել են, որ արգելափակումն իրականացվել է երկրի կառավարությանը կից Կապի ծառայության բանավոր հրահանգով:
Պաշտոնապես իրավիճակը բացատրել են տեխնիկական խնդիրներով ու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Կապի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություն անել:
Միաժամանակ, Տաջիկստանի Ինտերնետ-ծառայությունների պրովայդերների ասոցիացիան հանդես է եկել ինտերնետ-ռեսուրսների արգելափակման դեմ՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել երկրի բնակիչների համար համացանցի հասանելիությունն արգելափակելու պրակտիկայից:
Սոցցանցերի հասանելիության սահմանափակումը սկսվել է Տաջիկստան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցի ժամանակ, որը երեքշաբթի առավոտյան հանդիպել է նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հաղորդվում էր, որ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը եղել է մարդու իրավունքների պահպանումը և կրոնական իրավունքների խախտում թույլ չտալը: