14:52 , 3 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունը ռուսական ուղևորատար А321 ինքնաթիռը կործանելու վերաբերյալ քարոզչություն է անվանել։
BBC-ին տված հարցազրույցում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ։
«Բոլոր հետաքրքրված կողմերը կարող են մասնակցել այդ միջադեպի հետաքննությանը, սակայն քարոզչական հայտարարություններն այն մասին, որ ինքնաթիռը խոցել են ԻՊ-ի զինյալները, ուղղված են միայն տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, որպեսզի փչացնեն Եգիպտոսի իմիջը։ Վստահեցնում եմ, որ երկրի այդ մասում իրավիճակը վերահսկվում է»,-ասել է նախագահը։
«Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին՝ Շարմ էլ Շեյխի օդանավակայանից թռիչք իրականացնելուց րոպեներ անց։ Ինքնաթիռում գտնված բոլոր 224 մարդիկ զոհվել են։
Աղետից հետո «Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել էր, թե ինքն է կազմակերպել այդ ողբերգությունը, սակայն ոչ մի փաստ չկա։
«Կոգալիմավիայի» ղեկավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է օդում՝ արտաքին ուժի ազդեցությամբ։