16:12 , 2 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ կարողացավ հաղթանակ տանել։ Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում տարած ազդեցիկ հաղթանակով նա այժմ իր կամքը կարող է ավելի վճռականորեն թելադրել, քան երբևէ՝ համոզվելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կշարունակի իշխել երկրում ևս չորս տարի, գրում է սյունակագիր և բլոգեր Յավուզ Բայդարը բրիտանական The Guardian-ում։
Նա այժմ ունի ընտրողների ձայների կեսը լեգիտիմության հարցում պնդելու համար և գուցե անգամ որպես «քարտ-բլանշ» իր իշխանությունն ինքնակալության վերածելու համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության հաղթանակով:
Հունիսի 7-ի ընտրություններում միայնակ կառավարություն ձևավորել չկարողացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկվա ընտրությունների արդյունքում կարողացել է ձեռք բերել կառավարություն ձևավորելու իրավունքը։
Ըստ «Անադոլու» գործակալության հրապարակած նախնական տվյալների՝ ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 49%-ն ու խորհրդարանում կունենա 317 մանդատ։
Ինչպես գրում է հեղինակը, այս արդյունքները քչերն էին կանխատեսում: Հարցումների մեծ մասը կանխատեսում էին 44 տոկոս քվե իշխող կուսակցության օգտին, որը թույլ չէր տա միայնակ կառավարություն ձևավորել։ Այնպես որ նման հաղթանակն «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) համար մեծ զարմանք էր։
Ինչպե՞ս կարելի է բացատրել կուսակցության հաղթանակը։ AKP-ն ամեն կերպ իրեն ներկայացնում էր որպես հիմնական քաղաքական ուժ, որը կռվում է, շատերի կարծիքով, Թուրքիայի թիվ մեկ թշնամու՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ։
Էրդողանը հաջողությամբ Թուրքիան ճգնաժամի մեջ պատկերելու ռազմավարություն էր վարում։ Նա նաև հաջողությամբ վախեցնում էր լրատվամիջոցներին և նեղացնում էր շրջանակը, որտեղ ընդդիմությունը կարող էր արտահայտել իր դիրքորոշումը։
Այնուամենայնիվ, ինչպես գրում է հեղինակը, Թուրքիան այս արդյունքներով չի մոտենա կայունության, փոխարենը՝ երկրի համակարգային ճգնաժամը է՛լ ավելի կխորանա։ Այս ընտրություններին սեղանին դրված էր հարցը, թե արդյոք Թուրքիան դրանից հետո դուրս կգա՞ որպես արևմտյան ոճին մոտ ժողովրդավարություն, թե՞ կենտրոնասիական ոճի ինքնակալություն, որի դեպքում չեն հարգվի ազատությունները և իրավունքները, իսկ դատարանը և լրատվամիջոցները կստորադասվեն իշխանությանը։
Եթե Էրդողանը և նրա կուսակցությունը որոշեն, որ ընտրությունների հաղթանակը կարող է որպես «քարտ- բլանշ» ծառայել սահմանադրությունը խախտելու, այլակարծությունը ճնշելու, լրագրությունը խեղդելու, վիճելի նախագահական համակարգին հետևելու, քրդերի պահանջները ճնշելու և սիրիական ճգնաժամի շուրջ զիգզագներ անելու համար, ապա պետք է սպասել ինքնակալության անգամ ավելի արագ անցման, գրում է հեղինակը։