Հայաստանյան ընդդիմադիր դաշտի մտածողության կառուցվածքային արատավորությունը


12:26 , 2 նոյեմբեր, 2015

Երեկ բուռն բանավեճեր էին գնում՝ կապված Զարուհի Փոստանջյանի ու «Նոր Հայաստանի» թբիլիսյան արկածների շուրջ, երբ վերջիններս վեր էին կացել, մի 15 հոգով գնացել էին Թբիլիսի ու բողոքի ցույց էին արել Սերժ Սարգսյանի դեմ՝ պայքարիստական լոզունգների ստանդարտ փաթեթների վանկարկումներով։ Չկենտրոնանանք բուն իրադարձության վրա, առավել ևս, որ դրա գնահատականը տրվել է. աննորմալություն է Երևանից վեր կենալ, գնալ Թբիլիսի, որ մի երկու բան գոռգոռաս, տեղի համայնքի կողմից շանսատակ արվելու ռիսկի ենթարկվես (հա, էդ խղճուկ կռուտիտը, թե սփյուռք-բան, էստեղ ակտուալ չի, որովհետև Վրաստանի հայկական համայնքը չէր կազմակերպել դա, այլ Երևանից ժամանած գաստրոլյորների մի խմբակ) ու աղբը տնից դուրս հանես, առավել ևս, որ արարքն ավելի շատ կազմակերպիչների նկատմամբ բացասական արձագանք առաջացրեց, քան Սերժի։

Խնդիրը երևույթը պաշտպանողների մեջ է, որոնք ըստ իմ դիտարկումների՝ այս կամ այն պայքարիստական կուսակցությունների ակտիվներից են։ Մարդկանց իրոք թվում է, թե նման մանր լաչառական ակցիաներով, մեջբերում եմ, «փչացնում են Սերժին»։ Կարի՞ք կա բացատրելու, թե ինչ անհեթեթ ու ինֆանտիլ պնդում է դա... Կարծում եմ՝ չկա, որովհետև հասկացողը հասկանում է, չհասկացողն էլ բացատրելուցս հետո էլ չի հասկանալու։

Մինչդեռ սա մեր առկա ընդդիմադիր դաշտում իշխող մտածողության ֆունդամենտալ արատներից մեկն է, իսկ այդ արատները շատ են. մանկամտության ձգտող պրիմիտիվիզմ, լաչառության նմանվող պոլեմիկա, կլյաուզ ու հայհոյանք, «Ով մեր հետ չի՝ մեր դեմ ա» դիրքորոշում այլն...

Էս «կոմպլեկտն» էլ բերում է նրան, որ ի հեճուկս իրենց ակնկալիքների՝ ոչ թե ռեժիմն է խուճապի մեջ ընկնում, այլ ժողովրդի զահլեն է գնում, որովհետև իրոք զզվել ենք արդեն էդ բոլոր վանկարկումներից ու դեմագոգիայից, երբ չենք տեսնում ոչ մի ռեալ գործ։ ՈՉ ՄԻ։ Մենակ իրար միս ուտել, բարիշել, էլի միս ուտել ու մի քանի ամիսը մեկ կես իկառուս մարդ հանել փողոց (հիմա արդեն նաև Հայաստանից դուրս) ու հետո մի ամիս ծամծմել դա։

Մի բայն սակայն օրինաչափ է. իսկապես, մենք ունենք մեր դիմությանն արժանի ընդդիմություն կամ էլ եթե ավելի հարմար կգտնեք՝ ընդդիմության արժանի դիմություն. «Два сапога пара»։