Բանակցային գործընթացը՝ նույնիսկ շարունակություն՝ շարունակության համար, ավելի լավ է, քան դրանց բացակայությունը. քաղաքագետ


18:57 , 1 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը որևէ բեկում չի մտցնի բանակցային գործընթացում:

«Ես չեմ կարծում, որ սկզբունքորեն փոփոխություններ կլինեն՝ ասենք ի տարբերություն այն իրավիճակին, որը որ կար մինչև այս: Հետևաբար այս ընթացքի գլխավոր իմաստը կարող է լինի պարզապես բանակցային գործընթացի շարունակություն, նույնիսկ եթե այդ բանակցային գործընթացը իր մեջ ներառում է միայն շարունակություն՝ շարունակության համար: Սակայն դա ավելի լավ է, քան բանակցությունների բացակայությունը»,-ասաց նա և հիմնավորեց, որ այդ առումով լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգն ավելի քիչ կլինի:

Հիշեցնենք, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ակնկալում են, որ մինչև տարեվերջ կլինի նախագահների հանդիպում: «Մենք փորձում ենք այս բարձրաստիճան հանդիպման ժամկետների շուրջ համաձայնության գալ»,- ասել է նա:

Սերգեյ Մինասյանը գտնում է, որ նախատեսվող այդ հանդիպմանը համանախագահները կփորձեն իրավիճակը կայունացնել, սակայն դժվարացավ ասել՝ դա նրանց կհաջողվի, թե ոչ, քանի որ կարծում է, որ որպեսզի Ադրբեջանը պահպանի կայունությունը, պետք է նրա վրա լուրջ ճնշում լինի միջազգային հանրության կողմից:

«Հայաստանը միշտ ասել է, որ ողջունում է յուրաքանչյուր հանդիպում և ֆորմատ, որը կարող է ինչ-որ ձևով նպաստել բանակցային գործընթացին և խաղաղ լուծմանը»,-ասաց նա: Ըստ նրա՝ Ադրբեջանի՝ խաղաղության պահպանումը որպես զիջում, բարի կամք ներկայացնելու քաղաքականության մեջ  ոչ մի փոփոխություն չկա:

Ինչ վերաբերում է Հայաստանի քայլերին, ապա Սերգեյ Մինասյանն ասաց,  որ Հայաստանը պետք է շարունակի այն, ինչ-որ անում է տասնամյակներ շարունակ: «Պետք է  իրականացնել զսպման քաղաքականություն, ցույց տալ ադրբեջանական կողմին, որ ևս  լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը միայն նոր կորուստներ կբերեն առաջնահերթ հենց նախաձեռնողի համար, շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր պետականաշինության առաջընթացի գործում»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանն անում է այն, ինչ կարող է, և խնդիրը Հայաստանը չէ, այլ Ադրբեջանն է:

Ամեն դեպքում քաղաքագետը հույս հայտնեց, որ համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: