Հենրիխ Մխիթարյանի խաղը բարձր գնահատականի է արժանացել


14:01 , 1 նոյեմբեր, 2015

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» 3:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց` դառնալով գոլի հեղինակ և Մարկո Ռոյսին օգնելով դուբլ ձևակերպել: Հենրիխ Մխիթարյանի խաղը բարձր են գնահատել «Ruhr Nachrichten», «Der Westen», «Who Scored» պարբերականները:

«Who Scored» վիճակագրական կայքը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մխիթարյանին. հայ կիսապաշտպանը ստացել է 8,48 գնահատական:

Снимок

«Ruhr Nachrichten»-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 2 միավորով, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մարկո Ռոյսին, ով ստացել է 1,5 միավոր:

«Der Westen»-ը բարձր գնահատական է նշանակել և’ Հենրիխ Մխիթարյանին, և’ Մարկո Ռոյսին. երկու ֆուտբոլիստներն էլ ստացել են 2 միավոր: Պարբերականը գրում է, որ չնայած հանդիպման մեկնարկում Մխիթարյանը մի քանի ոչ ճշգրիտ փոխանցում կատարեց, հետո կարողացավ ներդրում ունենալ Ռոյսի առաջին գոլում, նախքան ընդմիջման գնալն առաջ մղել իր թիմին, իսկ երկրորդ կեսում դառնալ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Գերմանիայում գնահատման համակարգը տարբերվում է. գնահատում են մեծամասամբ 6 բալանոց համակարգով, ամենաբարձր գնահատականը 1-ն է, ամենացածրը’ 6: