ԵՏՄ միասնական արժույթի ստեղծմանը, լինի դա ռուբլի կամ տենգե, պետք է հասնել, մենք հիմա դրան պատրաստ չենք. Վարդան Այվազյան


18:14 , 31 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Հայաստանի համար խիստ կարևոր էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը՝ վառելիքաէներգետիկ ոլորտի գործարքները ազգային արժույթով իրականացնելու վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Ապրանքափոխանակությունը, որը կա ՌԴ հետ, դրան գումարած ռուբլու հետ տեղի ունեցող գործընթացները, մեզ այլընտրանք չէին թողնում, քան նման առաջարկ անելն էր և շատ կարևոր է, որ ՌԴ նախագահը հնչեցրեց առաջարկն ընդունելու մասին միտքը: Ցանկացած բիզնեսմենի հարցրեք՝ տնտեսական գործունեության բնականոն իրականացման համար վճարահաշվարկները ռուբլով կատարելու հնարավորություն պետք է լինի»,- նշեց Վարդան Այվազյանը:

Պատգամավորն ասաց, որ հակառակ դեպքում ապրանքների իրացման հետ կապված խնդիր է առաջանում: «Ռուբլով կոնվերտացիա են անում, կորցնում են, ավելին՝ չեն ունենում ռուբլու կայունության մասին որևէ երաշխիքի հնարավորություն»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանի համար ձեռնտո՞ւ էր վառելիքաէներգետիկ ոլորտի գործարքները ազգային արժույթով իրականացնելը, երբ կոնվերտացիայի արդյունքում ՌԴ-ն գումարներ էր շահում, Վարդան Այվազյանն ասաց, թե Պուտինի հայտարարությունը միայն Հայաստանին չի վերաբերում, իսկ իրենից վառելիք գնող բոլոր պետությունների գումարների ամբողջականության պարագայում ՌԴ-ն բավական մեծ կորուստներ էր ունենում: «Ռուբլու հաստատակամության համար ՌԴ-ն գնաց նման քայլի»,- հավելեց Այվազյանը:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ Հայաստանը պետք է ցանկացած երկրի այնքանով, որքանով այդ երկիրը պետք է Հայաստանին՝ «առավել ևս Ռուսաստանին, որովհետև փոխադարձ կարևորությունը առաջնահերթություն է երկու կողմերի համար»:

«Այս մասին է վկայում ՌԴ հետ մեր փոխադարձ միջպետական պայմանագրերի առատությունը, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը: Պարզապես, աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակ մենք ունեցանք կորուստներ և ոչ միայն մենք: Վրաստանը, օրինակ, համագործակցելով ԵՄ հետ, ևս լարիի կորուստ ունեցավ: Բայց դա չի նշանակում, որ վրացական ազգային դրամի արժեզրկումը ԵՄ հետ համագործակցության խորացման պատճառով եղավ: Կամ նույն ղազախական տենգեն՝ 35 տոկոսով արժեզրկվեց: Տնտեսությունը, անկախ տնտեսական ֆորմացիայից, աշխատում է ու կարևոր չէ՝ դուրդ գալիս է, թե՝ ոչ»,- ընդգծեց Այվազյանը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վառելիքի գործարքները ռուբլիով գնելու Պուտինի որոշումը դառնա Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի գործընթացը սկսելու կամ արագացնելու նախապայման: Ի պատասխան Վարդան Այվազյանն ընդգծեց, որ ինքը միասնական դրամամիջոցային մեկ արժույթին անցնելու գործընթացին դեմ չէ, եթե դա կատարվի մի շարք գործոններով: «ԵՏՄ-ն հնարավորություն է: Եթե ԵՄ անդամ երկրները անցան եվրոյին, ինչո՞ւ մենք չենք կարող անցնել միասնական արժույթի: Եվրամիությունն անցավ այդ փուլը, մենք էլ պետք է դա անցնենք: Այսօր մենք այդ փուլին չենք հասել: Համոզված եմ, որ ՌԴ կենտրոնական բանկն էլ համաձայն չի լինի այս պահին միասնական արժույթի կիրարկմանը»,- շեշտեց Այվազյանը՝ նշելով, որ անցումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ միասնական արժույթին անցնելու համար նախ անհրաժեշտ է անդամ պետությունների միջև մշակել փոխադարձ հաշվարկի մեթոդիկա, իսկ դրանից հետո՝ որը կլինի արժույթը՝ «ռուբլին, զայչիկը, թե տենգեն» արդեն կարևոր չէ:«Միասնական արժույթի ստեղծմանը պետք է հասնել: Այսօր մենք դրան պատրաստ չենք, իսկ ապագայում՝ ինչու ոչ»,- ավելացրեց Վարդան Այվազյանը: