18:15 , 31 հոկտեմբեր, 2015Exclusive
Ֆրանսիաբնակ հայ ռեփեր Արարատ 94-ը, ով այսուհետև ներկայանում է Robby El Sol բեմական անվամբ, հոկտեմբերի 17-ին եկավ Հայաստան՝ այս անգամ ամուսնանալու նպատակով։ Հոկտեմբերի 24-ին կայացավ նրա և պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանի հարսանիքը, իսկ այսօր արդեն զույգը Ֆրանսիայում է։ Մինչ Հայաստանից մեկնելը ռեփերը հյուրընկալվել էր BlogNews-ի խմբագրություն ու խոսել ոչ միայն անձնական, այլև ստեղծագործական կյանքում եղած փոփոխությունների մասին։ Նա այլևս չի զբաղվելու ռեփով, իսկ թե ինչու, կբացահայտեք մեր զրույցում։

-Ինչո՞ւ Արարատ 94-ը դարձավ Robby El Sol։
-Այլևս չեմ ցանկանում ներկայանալ ռեփ ոճում, ուզում եմ ավելի լայն լսարանի գրավել։ Ես սիրում եմ լատինո ռիթմը, ավելի պարային երաժշտություն եմ ներկայացնելու, գնում եմ դեպի կոմերցիա։ «El Sol» իսպաներեն նշանակում է արև, իսկ ինչու Robby, որովհետև իմ իսկական անունը Ռոբերտ է։
- Արարատը խիստ ռեփային անուն չէր, ինչո՞ւ որոշեցիր անունդ էլ փոխել, չէ՞ որ մարդկանց մի խումբ քեզ արդեն ճանաչում էր այդ անվամբ։
- Արարատը հնչում է հայերի համար, իսկ Robby El Sol հնչում է և՛ ֆրանսիացիների, և՛ իսպանացիների, և՛ այլերկրացիների համար։ Երևանում այդ լսարանը կա, բայց Փարիզում ինձ այդքան չեն ճանաչում, և այնպես չէ, որ ես լսարան եմ կորցնում։ Բացի այդ, ես եմ արտիստը, ես ինչպես անեմ, լսարանը պիտի հարմարվի, երգն էլ, երբ գրում եմ, առաջին հերթին ինձ պետք է դուր գա։
-Իսկ ինչո՞ւ վերջ դրեցիր ռեփին։
-Մի քիչ հոգնեցի, էլ չեմ ցանկանում չոր ռեփ անել։ Ես սիրում եմ փոփոխություններ, դրա համար էլ նոր նախագծեր եմ անում։ Իսպաներեն էլ եմ երգելու։ Ես միշտ երգել եմ, քանի որ սիրում եմ երգել, ոչ թե միայն չոր ռեփ ներկայացնել։ Հիմա գնում եմ դեպի տաք երգեր։

-Ռեփի մեխն իր ասելիքն է, կարելի՞ է ասել, որ ասելիքդ սպառվել էր, դրա համար էլ հոգնեցիր։
-Չէ, հիմա էլ գուցե լինեն դեպքեր, երբ ռեփ կարդամ։ Ռեփը կարող է տարբեր ոճերում լինել, իսկ ասելիքդ կարող ես երգելով էլ ներկայացնել։
-Քո գնահատմամբ՝ հաջողեցի՞ր ռեփը։
-Հա, ինձ ճանաչեցին։ Շատ բաներ արեցի, Միշոյի, Սերժոյի հետ համագործակցեցի։ Լավ էր էլի։)
-Հիմա ո՞րն է քո հիմնական թեմատիկան։
-Ուրախություն, սեր, պոզիտիվ, բայց էլի միտք կա այդ ամենի մեջ։ Իմ երգերն էլի իմաստ են ունենալու, խորը տեքստեր, սակայն ռիթմն է փոխվում։
-Փաստորեն, կոմերցիոն երաժշտության միջոցով ավելի շատ գումար աշխատելու հնարավորությունը քեզ էլ վարակեց։
-Դա էլ կա, սակայն ես ցանկանում էի լսարանս մեծացնել, գրավել ամբողջ Ֆրանսիան։ Սա մարդկանց դուրն ավելի է գալիս։ Սա ավելի ռոմանտիկ հիփ-հոփ է, որը և՛ Ֆրանսիայի համար է, և՛ եվրոպական այլ երկրների, և՛ Ամերիկայի։ Օրինակ՝ նոր երգս՝ «Բոնիտան», կդնեն փարթիների ժամանակ, քանի որ աղջիկներին էլ է շատ դուր եկել։

-Ի՞նչ ծրագրեր ունես։ Կար ժամանակ, երբ դու անընդհատ խոսում էիր Երևան գալու մասին, հիմա, կարծես թե, ծրագրերումդ չկա Հայաստան գալը, քո հիմնական թիրախը Ֆրանսիան է։
-Այո, վերջին մի տարվա մեջ ինձ Հայաստան բերողն Անուշիկն էր։) Հիմա իմ նպատակը Եվրոպան, Ամերիկան գրավելն է։ Երևանում արդեն արեցի ամեն ինչ։ Իմ կարծիքով՝ ես իմ ազգի համար արեցի՝ ինչ-որ պետք էր, հայերեն էլ երգեցի։ Առաջիկայում սինգլեր կթողարկեմ՝ ֆրանսերեն և իսպաներեն։ Ամռանը նաև տեսահոլովակ կթողարկեմ։
Էլի կգամ Հայաստան, բայց հիմա էստեղ գործունեություն ծավալելու մտադրություն չունեմ, որովհետև եթե ֆրանսերեն երգեմ, այստեղ չեն հասկանա, բացի այդ, Հայաստանում այդ երաժշտությունը պահանջարկ ունի։
-Բացի երաժշտական գործունեությունից, Փարիզում այլ աշխատանքով է՞լ ես զբաղվում։
-Այո, աշխատում եմ հագուստի խանութում՝ fashion խորհրդատու-վաճառող եմ։
-Քո ոճային փոփոխությունը համընկավ անձնական կյանքումդ եղած փոփոխության հետ։ Կինդ՝ Անուշիկը, իր ազդեցությունն ունեցե՞լ է որոշմանդ վրա։
-Չէ, դա իմ որոշումն էր, Անուշիկի հետ կապ չուներ։ Ես էի ուզում, որ իմ երաժշտական աշխարհը մի քիչ փոխվի։

- Հայ տղաները մի քիչ վերապահումով են վերաբերում մոդելի, պարուհու կարիերային։ Կինդ մոդել և պարուհի է, դու ինչպե՞ս ես վերաբերում Անուշիկի կարիերային, չե՞ս խոչընդոտի նրան։
-Ես դեմ չեմ, շատ ուրախանում եմ, որ նա հաջողություններ են ունենում։ Տա Աստված, նա Եվրոպայում էլ շարունակի իր գործունեությունը։ Ես մոդեռն եմ և միշտ իր կողքին եմ։ Իհարկե, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի, ինքը դա գիտի։
-Մի քանի օր առաջ քո հարսանիքն էր, ժամանակին դու շատ մտերիմ էիր Միշոյի Սերժոյի, Սենչոյի հետ։ Ինչո՞ւ նրանցից ոչ ոք չկար հարսանիքիդ։
-Գործեր ունեին։ Ես բոլորին հրավիրել էի, սակայն այդ օրը նաև Միշոյի ալբոմի շնորհանդեսն էր, և ոչ ոք չկարողացավ գալ։ Ես ոչ ոքից չեմ նեղանում, ուղղակի էդպես ստացվեց։

-Նախկինի պես մտերի՞մ եք։
-Հա, ես իրենց հետ եմ շփվում։
-Հայկական ռեփին հետևո՞ւմ ես։ Ըստ քեզ՝ այն առաջընթա՞ց է ապրում, թե՞ հետընթաց։
-Մի պահ կար, որ ավելի մեծ թափով էր առաջ գնում, հետո կանգնեց, բայց միանշանակ դեպի առաջ է գնում։ Ուղղակի հիմա բոլորը ռեփ են կարդում՝ իմաստով և առանց, սակայն լավերը երևում են։
-Ովքե՞ր են քեզ համար Հայաստանի երևացող լավ ռեփերները։
-Միշոն, Ալիկ Թառոյանը, Սերժոն, Red light-ի տղաները՝ Սենչոն ու Խուդոն։ Որպես այլընտրանքային երաժշտություն սիրում եմ «Ռեինկարնացիա»՝ Ռոլանդին։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի