17:09 , 31 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եգիպտոսում կործանված А-321 ռուսական օդանավի ուղևորներից ոչ ոք ողջ չի մնացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչների:
«Սինայում ռուսական ինքնաթիռի ավիավթարում ողջ մնացած մարդիկ չկան», - ասվում է ստացված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ փրկարարները հաղորդում էին, որ ինքնաթիռի կործանման վայրում ավելի քան 100 մարմին էին հայտնաբերել, այդ թվում` 17 երեխայի:
Reuters գործակալությունն ավելի վաղ հաղորդում էր, որ փրկարարներն ուղևորների ձայներ են լսել օդանավի փլատակների տակից:
Եգիպտոսի Քաղավիացիայի նախարարության հաղորդագրության համաձայն` KGL9268 չվերթի Airbus 321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ շաբաթ առավոտյան և թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Օդանավում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է գտնվել:
Եգիպտոսի ավիացիոն իշխանությունները հաղորդում են, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ռուսական ինքնաթիռի օդաչուն արտակարգ վայրէջքի թույլտվություն էր խնդրել Սինայի Էլ-Արիշ քաղաքում` առաջ եկած տեխնիկական անսարքության պատճառով:
Նշվում է, որ օդաչուն զգուշացրել է ցամաքային ավիակարգավարներին, որ ինքնաթիռում «տեխնիկական խնդիր» է ծագել, և իրեն պետք է վայրէջք կատարել հնարավորինս շուտ:
Ռադարների տվյալներով` օդանավն իջնում էր 2 կմ/րոպե արագությամբ ընկնելուց առաջ: