16:26 , 31 հոկտեմբեր, 2015
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային անցումային խորհուրդը, որը Սիրիայում զբաղվելու է քաղաքական բարեփոխումներով, պետք է ձևավորվի կես տարվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը։
Նրա խոսքերով՝ նոր խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն սիրիական ամբողջ հասարակության ներկայացուցիչները և նրանց առաջադրանքներ են տրվելու մշակել նոր սահմանադրություն ու նախապատրաստվել ընտրությունների։ Այդ առաջադրանքները պետք է կատարվեն սահմանված ժամկետում՝ 1.5-2 տարում։
Ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ չլուծված է մնացել երկու հարց, որոնք քննարկվելու են հաջորդ հանդիպումներում. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան ու երկրի տարածքից իրանական ուժերի դուրսբերման հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ Բաշար Ասադը պետք է հեռանա Սիրիայում իշխանության վերափոխման գործընթացի սկզբում և ոչ թե միջնամասում։