14:44 , 31 հոկտեմբեր, 2015
Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի, հայտնում է Reuters գործակալությունը։
«Բազմաթիվ դիեր գետնին են, շատերը մահացել են անմիջապես իրենց տեղերում»,- ասել է փրկարար ծառայության աշխատակիցը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռի բեկորների տակից տեղ են հասնում ողջ մնացած ուղևորների ձայները։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին։ LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց: