11:57 , 31 հոկտեմբեր, 2015
Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Sky News Arabia հեռուստաալիքին հղումով, խոսքը ռուսական օդանավի մասին է, որում գտնվել է մոտ 200 մարդ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավն առավոտյան թռիչք է իրականացրել Շարմ էշ-Շեյխից։
Միջադեպի առնչությամբ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլն անմիջապես դադարեցրել է իր աշխատանքային այցը։
«ՌԻԱ Նովոստի» կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել են ռուսական քաղաքացիական օդանավ բեկորները։ Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակել են վթարի վայրը, Էլ Արիշ քաղաքից ուղարկվել է շտապօգնության մոտ 20 մեքենա։
Հաղորդվում է, որ Շարմ էշ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը, որում գտնվել է 217 ուղևոր` մեծ մասը՝ ՌԴ քաղաքացիներ, անհետացել է ռադարներից օդ բարձրանալուց 23 րոպե անց:
Եգիպտոսի վարչապետ Իսմաիլ Շարիֆը հաստատել է ռուսական Airbus 321 օդանավի կործանման մասին տեղեկությունը և հայտնել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին։
Ավելի ուշ պարզվել է, որ Եգիպտոսի օդային տարածքում անհետացած ռուսական քաղաքացիական ինքնաթիռի օդաչուն թռիչքից հետո տեխնիկական խնդիրների առաջացման պատճառով խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու վայրէջք կատարել Կահիրեում։
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է Շարմ էշ-Շեյխի օդանավակայանի քաջատեղյակ աղբյուրը:
«Թռիչքից հետո օդաչուն կապվել է դիսպետչերի հետ ու տեղեկացրել տեխնիկական անսարքությունների մասին։ Նա խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու արտակարգ վայրէջք կատարել Կահիրեում, սակայն դրանից հետո կապն ընդհատվել է»,-մանրամասնել է քաջատեղյակ աղբյուրը: