Ինչպե՞ս անցավ «The Beautified Project»-ի համերգն, ու ինչո՞ւ չեկավ Սոնա Ռուբենյանը


12:30 , 31 հոկտեմբեր, 2015

Եթե Տիկնիկային թատրոնում ոչ ոք իր տեղում նստած չէ, խելահեղ ռիթմեր են ու ռոքային տրամադրություն, նշանակում է՝ բեմում «The Beautified Project»-ն է: Տևական դադարից հետո երեկ կայացավ խմբի մենահամերգը, որին ներկա էին նրանց հավատարիմ երկրպագուները: BlogNews-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր պահերը:

Հանդիսատեսը շատ ակտիվ էր, այս ամենից ոգևորված Անդրեն նշեց, որ նրանք լավագույն երկրպագուներն են, և սրանք լոկ «շոուբիզնեսյան» խոսքեր չեն: «Կարոտել էինք այս ամենը, հանդիսատեսին՝ մեկ առ մեկ: Կարծում եմ՝ ստացված համերգ էր: Լիքը ծանոթ դեմքեր կային,- BlogNews-ին ասաց խմբի մենակատար Անդրե Սիմոնյանն ու հավելեց, որ դադարի համար պատճառներ ունեին։- Ուզում էինք ինքներս կարոտել մեզ, մեր արվեստը և զբաղվել ստեղծագործական պրոցեսով: Հիմա էլ շարունակում ենք դա, սկսում ենք գրել մեր չորրորդ ալբոմը»:

Տղաները ելույթ ունեցան երգչուհի Էվայի հետ: Նրանք պետք է 2 զուգերգ էլ ներկայացնեին երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, սակայն վերջին պահին Սոնան չէր կարողացել գալ, քանի որ ԱՄՆ-ում է, և որոշակի խնդիրների պատճառով նրա թռիչքը 2 օրով հետաձգվել էր:

Խմբի երկրպագուներն արդեն գիտեն, որ ամեն տարի դեկտեմբերի 1-ին «The Beautified Projec»-ը հանդես է գալիս համերգով, այս տարի ավանդույթը չի պահպանվի: Խմբի հաջորդ համերգները կլինեն արդեն մյուս տարի: 2016-ին տղաները նոր տեսահոլովակ էլ կնկարահանեն, սակայն մինչ այդ իրենց երկրպագուներին ամանորյա նվեր կմատուցեն: Անդրեն չբացահայտեց մանրամասները, միայն նշեց, որ խոսքն ամանորյա երգի մասին չէ:)

«The Beautified Projec»-ի կատարմամբ «Կիլիկիան» շատ մեծ արձագանք գտավ, «Արագիլը» կրկնեց այդ հաջողություները: Թեև տղաները հիմնականում կատարում են անգլերեն երգեր, առաջիկայում հայկական մի ստեղծագործություն էլ կներկայացնեն իրենց մշակմամբ: «Մի երգ կա, որը փորձում ենք, բայց դեռ չեմ ասի՝ որը: Դեռ պետք է հեղինակային իրավունքները ձեռք բերենք: Շատ մեծ հաճույքով ենք կատարելու այն»,- ասաց Անդրեն ու հայտնեց, որ դա կլինի 2016-ի կեսերին:  

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի