Եգիպտոսում ռուսական քաղաքացիական օդանավ է կործանվել. լրատվամիջոցներ


11:33 , 31 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

13.13  Եգիպտական Սինայի թերակղզու օդային տարածքում անհետացած ռուսական քաղաքացիական օդանավը կործանումից հետո ամբողջովին ոչնչացվել է, և, ըստ ամենայնի, ուղևորների մեծ մասը զոհվել է, հայտնում էReuters-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում անվտանգության ծառայության ներկայացուցչին։

Ինքնաթիռը կործանվել է թերակղզու լեռնային հատվածում: Եղանակային անբարենպաստ պայմանները բարդացրել են փրկարարների ճանապարհը դեպի ինքնաթիռի կործանման վայր։ 

Հայտնի է, որ Airbus-321 ինքնաթիռի օդաչուն Շարմ էշ- Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթի իրականացման ժամանակ կապվել է դիսպետչերի հետ ու տեխնիկական խնդիրների պատճառով խնդրել է շեղվել նախանշված ճանապարհից ու վայրէջք կատարել Կահիրեում:

Մինչդեռ կիպրական Լառնակայի օդանավակայանի պաշտոնական օպերատոր «Հերմեսը» ու Թուրքիայի պետական օդանավակայանների գլխավոր վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ որևէ տեղեկություն չունեն ռադարներից անհետացած ինքնաթիռի գտնվելու վայրի վերաբերյալ:

«Մենք տեղեկություն չունենք մեր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ռուսական ինքնաթիռի անհետացման վերաբերյալ: Բացի այդ, չենք կարող մեկնաբանել  այն տվյալները, թե մինչ անհետանալն ինքնաթիռը կապի մեջ է եղել թուրք դիսպետչերների հետ»,-մեջբերում է gazeta.ru-ն թուրքական կողմի ներկայացուցչի խոսքերը։

12.37 Եգիպտոսի օդային տարածքում անհետացած ռուսական քաղաքացիական ինքնաթիռի օդաչուն թռիչքից հետո տեխնիկական խնդիրների առաջացման պատճառով խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու վայրէջք կատարել Կահիրեում։

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է Շարմ էշ- Շեյխի օդանավակայանի քաջատեղյակ աղբյուրը:

«Թռիչքից հետո օդաչուն կապվել է դիսպետչերի հետ ու տեղեկացրել տեխնիկական անսարքությունների մասին։ Նա խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու արտակարգ  վայրէջք կատարել Կահիրեում, սակայն դրանից հետո կապն ընդհատվել է»,-մանրամասնել է քաջատեղյակ աղբյուրը:

12.05 Եգիպտոսի վարչապետ Իսմաիլ Շարիֆը հաստատել է ռուսական Airbus 321 օդանավի կործանման մասին տեղեկությունը, հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ օդանավում եղել է 224 մարդ։

Վարչապետը նաև հայտնել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին։ 

Սակայն Reuters-ը՝ Եգիպտոսի ավիատրանսպորտի պատահարների վարչության ղեկավար Այման ալ-Մուքադդամին հղումով, հայտնում է, որ ռուսական օդանավը կապի է դուրս եկել թուրք ավիադիսպետչերների հետ։

11.54 Սինայի թերակղզու կենտրոնում հայտնաբերվել են ռուսական քաղաքացիական օդանավի բեկորները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ youm7.com-ին հղումով։

Կայքի տեղեկություններով՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակել են վթարի վայրը, Էլ Արիշ քաղաքից ուղարկվել է շտապօգնության մոտ 20 մեքենա։

Հաղորդվում է, որ Շարմ էշ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը, որում գտնվել է 217 ուղևոր` մեծ մասը՝ ՌԴ քաղաքացիներ, անհետացել է ռադարներից օդ բարձրանալուց 23 րոպե անց:

11.33 Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Sky News Arabia հեռուստաալիքին հղումով, խոսքը ռուսական օդանավի մասին է, որում գտնվել է մոտ 200 մարդ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավն առավոտյան թռիչք է իրականացրել Շարմ էշ-Շեյխից։ Ներկայում տարվում են վթարի վայրի որոնողական աշխատանքներ։

Միջադեպի առնչությամբ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլն անմիջապես դադարեցրել է իր աշխատանքային այցը։

Reuters-ը հաղորդում է, որ Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավում եղել է 212 մարդ։