19:39 , 10 դեկտեմբեր, 2012
Եթե դու դեմ ես ընդհանուր կարծիքին, ուրեմն մի բան այն չէ: Օրինակ՝ եթե բոլորը ասում են, որ Երեւանը տգեղ է, իսկ դու հակադարձում ես, թե սիրուն է, ասում են՝ «ըհն, ուրեմն քաղաքապետարանի աշխատող է»: Կամ եթե բոլորը քննադատում են Պաշտպանության նախարարությանը ինչ-ինչ գործերի համար, իսկ դու փորձում ես լավ կողմը ներկայացնել, ուրեմն դու այնտեղի աշխատողն ես, կամ նվազագույնը՝ պատվեր ես կատարում:
Մի ուրիշ մտածելակերպ:
Եթե դու խոսում կամ գրում ես գրական հայերենով, ուրեմն «էդի մոմենտ ա», «չի դզում»: Ուրեմն եթե ես իմ էջում ինչ-որ բան եմ գրում, ուրեմն պետք է գրեմ «ա»-երով, կամ չգիտեմ էլ ինչերով: Հակառակ դեպքում գրածս «խնդալու ա»:
Իսկ «ամենախնդալուն» այն է, որ քննադատողների մեծ մասը թքած ունեն թե՛ երկրի վրա, թե՛ քաղաքի վրա եւ իրենց էջերում գրում են լատինատառ եւ «քյառթու» հայերենով: Այ դա իսկական կերպար է: Անհրաժեշտ է հետեւել այդ օրինակին: