Երեք օրվա ընթացքում ծովով Եվրոպա է ժամանել 20.000 փախստական


16:32 , 30 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Երեք օրվա ընթացքում ծովով Եվրոպա է ժամանել 20.000 փախստական։ Այդ մասին հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային գործակալությունը, գրում է РИА Новости-ն։

Միգրացիայի հարցերով միջազգային գործակալության հոկտեմբերի 30-ի տվյալներով՝ տարեսկզբից ծովով Եվրոպա է ժամանել 724 հազար 228 մարդ։ Դա մոտ 20 հազար փախստականով ավելի է հոկտեմբերի 27-ին գրանցված տվյալներից։

Միջերկրական ծովում մահացած կամ անհետ կորած է համարվում 3.329 մարդ:

Ավելի վաղ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հորդանանի և Լիբանանի ճամբարներից 2 օր առաջ Եվրոպա է շարժվել 300.000 փախստական:

Այս տարի ավելի քան 800.000 մարդ փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանք է ներկայացրել Եվրոպայի երկրներում, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Տվյալները ներկայացրել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը: