15:20 , 30 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Իրանի կառավարությունն արգելել է դերասանուհի Սադաֆ Թահերիանին աշխատել երկրում այն բանից հետո, երբ նա Instagram-ի իր էջում առանց գլխաշորի նկար է հրապարակել, գրում է The Independent-ը։
Մինչև վերջերս Թահերիանը սոցցանցերում տեղադրել է լուսանկարներ այնպիսի հագուստով, որը համապատասխանում է իրանական օրենքներին: Սակայն անցյալ շաբաթ կինն ի նշան բողոքի լուսանկար է տեղադրել՝ առանց գլխաշորի:
Նա հայտարարել է, որ դեմ է հարկադրված հիջաբ կրելուն և իրանական կառավարության այլ ճնշումներին:
Իրանի կառավարական լրատվամիջոցները զգուշացնում են, որ կանայք, որոնք գլխաշոր չեն կրում, կարող են ուշադրության կամ անգամ տղամարդկանց հարձակումների զոհ դառնալ: Սակայն դերասանուհին ասում է, որ դրան բախվել է անկախ գլխաշոր ունենալ-չունենալու հանգամանքից։
Իրանի մշակույթի նախարարությունը կարծում է, որ Թահերիանը հրաժարվել է գլխաշոր կրել արևմտյան լրատվամիջոցների ազդեցության տակ և պահանջել է նրան զրկել աշխատանքային արտոնագրից:
Նշվում է, որ լուսանկարի հրապարակումից հետո Սադաֆի հասցեին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ են եղել, սակայն կինը պնդում է, որ չի զղջում իր արարքի համար։