14:00 , 30 հոկտեմբեր, 2015
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է թույլ տալ Բաշար Ասադին մնալ Սիրիայի նախագահի պաշտոնում, քանի դեռ չի իրականացվել անցում նոր իշխանության։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Տևական ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հաստատել են, որ Ասադը չի կարող մասնակցել քաղաքական անցմանը, այդ իսկ պատճառով նա պետք է անհապաղ հրաժարական տա։
Սակայն նրանց դիրքորոշումն աստիճանաբար թուլանում է, և նրանք պատրաստ են քննարկել ժամանակավոր կառավարությունում Ասադի մասնակցության հարցը։ Դա կդառնա կարևորագույն թեմաներից մեկը, որոնք կքննարկվեն այսօր Վիեննայի գագաթնաժողովում՝ նշում է պարբերականը։
Հաղորդվում է, որ Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս այն բանի օգտին, որ Բաշար Ասադը մնա նախագահի պաշտոնում, մինչդեռ ԱՄՆ-ի արաբ դաշնակիցները պահանջում են հստակ ամսաթիվ, թե երբ կհեռանա Սիրիայի նախագահը։
Վարչակազմի ներկայացուցիչները չեն սպասում, որ Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ հարցը լիովին կլուծվի, սակայն հույս ունեն, որ երկրները համաձայնության կգան հավելյալ հանդիպումների անցկացման շուրջ։